1 մարտի 2023 - 13:46 AMT
«Նոր Զովքի» գործով 4 ձերբակալվածի թվում են սեփականատերն ու տնօրենը

«Նոր Զովք» ՍՊԸ-ում առերևույթ հանցավոր հարկային չարաշահումների վերաբերյալ վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ, նրանք ձերբակալվել են։ Ձերբակալվածների թվում են «Նոր Զովքի» սեփականատերն ու տնօրենը։

Փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Նոր Զովք» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր Ա․Ա․-ն ընկերության պատասխանատու անձանց՝ տնօրեն Ռ․Ա․-ի և գլխավոր հաշվապահ Ս․Ս․-ի հետ նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով՝ 4,127,611,164 դրամ հարկեր չվճարելու նպատակով, 2019-2023 թթ․ ընթացքում «Նոր Զովք» ՍՊ ընկերության հարկային հաշվարկներում մտցնելով խեղաթյուրված տվյալներ՝ թաքցրել են հարկման օբյեկտը։

Հանցավոր մտադրությունն անխոչընդոտ իրագործելու, բոլոր խանութներից ստացվող եկամուտները թաքցնելու և միաժամանակ իրական շրջանառությունը վերահսկելու նպատակով 2019-2023թթ․ ընթացքում ներգրավվել է ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականցնող ՍՊԸ, որը «Նոր Զովք» ՍՊԸ սեփականատիրոջ հանձնարարությամբ և վճարի դիմաց հանցանքի կատարման համար տրամադրել է տեղեկատվական տեխնոլոգիաների համապատասխան գործիքներ և միջոցներ:

Մասնավորապես՝ «Նոր Զովք» խանութների ցանցում ներդրվել է առևտրային ծրագիրը, որը համակցվել է թաքցված էլեկտրոնային սերվերային համակարգի։ Արդյունքում «Նոր Զովք» ՍՊ ընկերության իրացման իրական շրջանառությունը՝ վաճառված ապրանքների դիմաց փաստացի ստացված գումարը, իրական վաճառքների վերաբերյալ տեղեկատվությունը կուտակվել է էլեկտրոնային սերվերային համակարգում, իսկ կիրառված հանցավոր համակարգը քողարկելու նպատակով «Նոր Զովք» խանութների ցանցից առևտուր իրականացնող գնորդներին տրամադրվել են արտաքին (առևտրային) ծրագրի միջոցով գեներացված, փաստացի վճարված գումարներին համապատասխան կտրոններ։

Արդյունքում՝ 2019-2023թթ․ ընթացքում ընկերության փաստացի իրացման շրջանառությունից հարկային մարմին ներկայացված նշված ժամանակահատվածի վերաբերյալ հաշվարկ-հաշվետվություններում պակաս է ցույց տրվել իրացման շրջանառությունը, որի հետևանքով չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել 2,205,858,586 դրամ ավելացված արժեքի հարկ և 1,921,752,578 դրամ շահութահարկ:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել հսկող դատախազին՝ «Նոր Զովք» ՍՊԸ սեփականատեր Ա․Ա․-ի, ընկերության տնօրեն Ռ․Ա․-ի, գլխավոր հաշվապահ Ս․Ս․-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու, իսկ ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականցնող վերոնշյալ ՍՊԸ սեփականատեր Վ․Ս․-ի նկատմամբ՝ նշված հանցավոր արարքները կատարելուն օժանդակելու համար, որոնք բավարարվել են։

Դատարան ներկայացնելու համար վերջիններս ձերբակալվել են։

Նախաքննությունը շարունակվում է։