3 մարտի 2023 - 14:52 AMT
Արցախում Ադրբեջանի հետ շփումների աշխատանքային խումբ է ստեղծվել. Օրակարգում հրատապ հումանիտար հարցերն են

Արցախի անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ աշխատանքային խումբ է ստեղծվել, որի նպատակն է ադրբեջանական կողմի հետ քննարկել հրատապ հումանիտար հարցերը։ Խմբի ղեկավարն է ԱԱԽ քարտուղար Սամվել Շահրամանյանը։

Նշվում է, որ ադրբեջանական խմբի ղեկավարը բովանդակությունից ու գործընթացից շեղված ապատեղեկատվություն է տարածել։

Հայտարարության մեջ նշվում է, որ Արցախում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2023-ի մարտի 1-ին, ժամը 11։00-ին, խաղաղապահ զորախմբի շտաբում՝ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի մասնակցությամբ, անցկացվել է արցախյան և ադրբեջանական կողմերի հանդիպում, որին մասնակցել է Ադրբեջանի կողմից ձևավորված համանման աշխատանքային խումբը՝ Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովի գլխավորությամբ։

«Հանդիպման օրակարգային հարցերն էին․

-Արցախի Հանրապետություն բնական գազի մատակարարման անխափանության ապահովումը և հետագա գազանջատումների բացառումը.

-Արցախի Հանրապետության էլեկտրամատակարարման վերականգնման նպատակով Հայաստանի Հանրապետությունից Արցախ մտնող միակ բարձրավոլտ գծի՝ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող հատվածի զննման և «Արցախէներգո» ՓԲԸ մասնագետների կողմից վերականգնողական աշխատանքների իրականացման հնարավորության ապահովումը.

-Կաշենի և Դրմբոնի հանքավայրերի տարածքում ադրբեջանական մասնագիտական խմբի կողմից մեկանգամյա տեսողական շրջայցի կազմակերպումը.

-Ստեփանակերտ-Գորիս մայրուղու ամբողջական բացումը։

Բացման խոսքում խաղաղապահ զորախմբի հրամանատարը ներկայացրել է հանդիպման մասնակիցներին՝ որպես Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության կողմեր։ Այնուհետև արցախյան խմբի ղեկավարը ադրբեջանական կողմին պարզաբանել է իր գլխավորած խմբի լիազորությունները, այն է՝ վերը նշված կոնկրետ հարցերի քննարկումը և դրանց վերաբերյալ լուծումների որոնումը։

Հանդիպման սկզբնամասում ադրբեջանական խմբի ղեկավարը փորձել է զրույցը տանել Ադրբեջանին Արցախի ինտեգրման անհրաժեշտության ուղղությամբ՝ ներկայացնելով այդ դեպքում հնարավոր սոցիալ-տնտեսական առավելությունների ստացման հեռանկարներ, սակայն դրան արցախյան խմբի ղեկավարը հակազդել է՝ հորդորելով քննարկում իրականացնել հստակ առաջադրված հարցերով։ Վերջինս ընդգծել է նաև, որ հումանիտար ու ենթակառուցվածքային հրատապ հարցերով այդ շփումները չեն կարող անդրադառնալ հակամարտության համապարփակ կարգավորման հիմնական հարցերին, և դրա համար անհրաժեշտ է ձևավորել միջազգային լայն աջակցությամբ ձևաչափ:

Հարկ է նշել, որ ադրբեջանական խմբի մյուս անդամները զբաղվել են վերը նշված չորս կոնկրետ հարցերի քննարկմամբ և լուծումների որոնմամբ, ըստ այդմ՝ հանդիպման հետագա ընթացքը լիովին համապատասխանել է օրակարգով սահմանված շրջանակներին։

Օրակարգային բոլոր հարցերի քննարկման արդյունքներով ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ, որոնք ադրբեջանական կողմը պարտավորվել է զեկուցել վերադաս մարմիններին և առաջիկա օրերի ընթացքում, խաղաղապահ զորախմբի միջոցով, արդյունքների մասին տեղեկացնել արցախյան կողմին։

Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել նաև կողմերի միջև հետադարձ կապի կայուն մեխանիզմի ձևավորման պայմանավորվածություն»,-ասվում է հայտարարության մեջ։

Հանդիպմանը կողմերը պայմանավորվել էին առայժմ հանրայնացնել միայն ընդհանուր գծերով տեղեկատվություն՝ այն նկատառմամբ, որ գործընթացը դեռևս գտնվում է աշխատանքային փուլում։

«Սակայն հանդիպումից կարճ ժամանակ անց, ադրբեջանական խմբի ղեկավարը իր երկրի տեղեկատվական հարթակներում հանդես է եկել հարցազրույցներով, որոնցում բոլորովին այլ՝ բուն բովանդակությունից ու գործընթացից շեղված ապատեղեկատվություն է տարածել, մասնավորապես հայտարարելով, որ հանդիպմանը քննարկվել են «Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակչության՝ Ադրբեջանին վերաինտեգրվելու հարցեր»։

Ադրբեջանական պաշտոնյաների և մամուլի միջոցների այս զեղծարարությունը, ցավոք, օգտագործվել է նաև հայկական լրատվադաշտի որոշ ներկայացուցիչների կողմից՝ դրանով ստեղծելով թյուր տպավորություն, թե, իբր, արցախա-ադրբեջանական շփումներում քննարկվում են հակամարտության համապարփակ կարգավորմանն առնչվող հարցեր: Մինչդեռ, ինչպես նշեցինք, մարտի 1-ի հանդիպումը, որին, կրկնում ենք, մասնակցել է նաև ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարը, նվիրված է եղել միայն Արցախի շրջափակման ու դրան առնչվող խնդիրների վերացման քայլերի քննարկմանը։

Ադրբեջանական հաջորդ ապատեղեկատվությունը, որի համաձայն՝ կողմերի պաշտոնական ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը իբր «կարող է տեղի ունենալ Գյանջայում կամ Աղդամում», ընդ որում՝ առանց ՌԴ խաղաղապահ զորակազմի մասնակցության, ևս չի համապատասխանում իրականությանը:

Հորդորում ենք չտրվել ադրբեջանական քարոզչամեքենայի հերյուրանքներին և համոզված լինել, որ վերը նշված գործընթացի և դրա արդյունքների մասին հանրությանը տրվելու է սպառիչ տեղեկատվություն»,-ասվում է Արցախի ԱԽ հայտարարության մեջ։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։