4 մարտի 2023 - 12:17 AMT
Փաշինյան․ Չեմ կարող ասել՝ մեր երկրի անվտանգությունը երաշխավորել ենք՝ շատ վտանգավոր միջավայրում ենք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա աշխատանքային այցի շրջանակում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, անդրադառնալով անվտանգային հարցերին, նշել է, որ Հայաստանը շատ վտանգավոր միջավայրում է։

«Չեմ կարող ասել, որ մենք այսօր մեր երկրի անվտանգությունը երաշխավորել ենք, առավել ևս այս պայմաններում, երբ աշխարհաքաղաքական երկրաշարժեր և լուծումներ են տեղի ունենում։ Այս պայմաններում գտնվում ենք շատ վտանգավոր միջավայրում։

Բայց մյուս կողմից էլ մենք ունենք նաև պատկերացում, թե ինչ է պետք անել անվտանգային այս միջավայրը կառավարելու առումով։ Խաղաղության օրակարգը շատ կարևոր է մեզ համար։ Մենք հասկանում ենք, որ մեզ համար դա հեշտ պատմություն չէ։ Մենք հասկանում ենք, որ կան բազմաթիվ ռիսկեր, մենք հասկանում ենք, որ խաղաղություն ասվածը միայն մեզնից չէ կախված, մեր ցանկությունից չէ։ Պետք է մյուսներն էլ ցանկանան, մյուսներն էլ ցանկանում են, բայց մյուսների ցանկացած խաղաղությունը մեր ցանկացած խաղաղության հետ չի համընկնում և դիվանագիտական գործընթացի ամբողջ նպատակն ու իմաստը պետք է լինի, որ դա տեղի ունենա։

Ընդհանուր առմամբ, պետք է ասեմ, որ մենք շատ դժվար և վտանգավոր մի ժամանակաշրջանում ենք գտնվում։ Մեզանից պահանջվում է առավելագույն լրջություն ու ճկունություն, որպեսզի առկա մարտահրավերները հաղթահարենք։

Մենք տնտեսական խորը խնդիրներ չունենք և չենք ունենում, մենք ներքին անվտանգության և ժողովրդավարության առումով խնդիրներ չունենք և չենք ունենում։ Ժողովուրդը, ինչպես ունի, այնպես էլ շարունակելու է ունենալ իր ընտրությամբ և քվեարկությամբ որոշումներ կայացնելու իրավունք և հնարավորություն։ Մեր խնդիրներն արտաքին են, մեր խնդիրները կապված են արտաքին միջավայրի և անվտանգության հետ և մենք այս մտահոգություններն ենք, որ առաջին հերթին միջազգային հարթակներում կիսում ենք։

Այս պայմաններում լավ լուր չունենք, բայց վատ միջավայրում լավ լուրն այն է, որ Հայաստանի և տարածաշրջանի վրա որոշակի միջազգային ուշադրություն է կենտրոնացած և այդ ուշադրությունը մենք պետք է կարողանանք ծառայեցնել տարածաշրջանում երկարատև լուծումներ և խաղաղություն ունենալու նպատակին»,- նշել է վարչապետը։

Փաշինյանը նշել է նաև, որ չի ուզի վաղաժամ հետևություններ անել, բայց մի բան ակնհայտ է, որ երբ հետևում ենք Լաչինի միջանցքի շրջափակումից հետո տեղի ունեցած իրադարձություններին՝ Եվրոպական խորհրդի բանաձևերին, նաև միջազգային հանրության գործընկերների հայտարարություններին, որոշակի ընկալման փոփոխություն կա Հայաստանի տեսակետների, դիրքորոշումների, խնդիրների նկատմամբ։

«Նաև մեր երկրի ընկալումը Եվրամիության շրջանում էականորեն փոխվել է»,-ասել է նա։

Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է ներկաների մի շարք հարցերի, որոնք վերաբերվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին և այլ թեմաների:

Վարչապետ Փաշինյանի երկօրյա աշխատանքային այցը ԳԴՀ ավարտվել է: