4 մարտի 2023 - 15:00 AMT
Փաստաբան․ Ամուլսարի շահագործման դեպքում երաշխիք չկա, որ ցիանիդային հարթակի մեջ ռումբ չի ընկնի՝ թշնամին 4 կմ վրա է

Փաստաբան Նազելի Վարդանյանը, անդրադառնալով Ամուլսարի հանքը շահագործելու որոշմանը, ասել է, որ ջերմուկցիները չեն հանդուրժելու, որ իրենց տարածքում հանք լինի՝ հատկապես հիմա։

Փետրվարի 22-ին ՀՀ կառավարությունը Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի հետ կնքեց եռակողմ փոխըմբռնման հուշագիր՝ վերսկսելու Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագիրը։ Ընդ որում՝ շահագործումը թույլատրելու դիմաց Կառավարությունն անհատույց ստանալու է «Լիդիան Արմենիա» ընկերության կանոնադրական կապիտալի 12․5 տոկոսը։

Նա նշել է, որ եթե նախկինում միակ վտանգն այն էր, որ հանքի շահագործման հետևանքով կարող են առողջական խնդիրներ ունենալ, փոշի շնչել, կվնասի իրենց բիզնեսին, կկորցնեն իրենց ապրուստի միջոցը, ապա այժմ ավելացել են նաև անվտանգային խնդիրները։ Փաստաբանը նշել է, որ թշնամին Ջերմուկից 4 կմ հեռավորության վրա է գտնվում, մի քանի ամիս առաջ ռմբակոծել է Ամուլսարի շուրջ բոլորը և որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ վաղն այնտեղ ցիանիդային հարթակ լինելու դեպքում, ռումբ չի ընկնելու, որի հետևանքով ամբողջ Հայաստանի խմելու ջուրը չի աղտոտվելու, գրում է «Փաստինֆոն»։

Վարդանյանը՝ նշելով, որ դրանով կլինի Հայաստանի վերջը։

Կնքված հուշագիրը, Վարդանյանի դիտարկմամբ, իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթ չէ, հույս ունի՝ չի էլ լինի։ Ինչ վերաբերում է քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը, ապա 2015-2018թթ դատական գործընթացներ կան, որոնցով դեռևս օրինական ուժի մեջ մտած վճիռներ չկան, ինչը ևս ռիսկային է։

«Ինչպես են ասում, որ ռիսկեր չկան։ Կառավարությունն ինչպե՞ս է երաշխավորում։ Եթե վաղը լինի դատական ակտ, որով թույլտվությունները կամ փորձաքննությունների եզրակացությունները ուժը կորցրած կճանաչվի, ինչ են անելու, այդ վնասների հատուցումներն իրենց գրպանի՞ց են տալու, թե՞ պետական բյուջեից, թե՞ ազդեցություն են ունենալու, ճնշո՞ւմ են գործադրելու դատարանների վրա։ Ինչպես են այդ երաշխիքները տալիս»,- նշել է Վարդանյանը՝ հույս հայտնելով, որ առհասարակ հանքարդյունահանումը չի սկսվի։

Նա հավելել է, որ գումարն էլ բավարար չէ, որ հանքարդյունահանում սկսվի, որովհետև Գնդեվազի և Ջերմուկի բնակիչները դեմ են, ամբողջ Վայոց Ձորի մարզում 12,000 ստորագրություն է հավաքվել, հանրագիր է ներկայացվել ավագանուն, որը հավանություն է տվել։

Հատկապես ջեմուկցիների խնդիրը, Վարդանյանի դիտարկմամբ, լուրջ է, ընդհանրապես լսումներ չեն իրականացվել Ջերմուկում, Ջերմուկի ժողովուրդն արհամարհված է, այն դեպքում, եթե ազդագիր համայնքներից որևէ մեկում լսումներ չեն եղել կամ դեմ են բնակիչներն, ապա ընդհանրապես չի կարող դրական եզրակացություն լինել, չի կարող տարածքում հանքարդյունաբերություն իրականացվել։

«Սա անօրինական գործընթաց է, որը սկսվել է 2009թ.-ից և մինչև օրս շարունակվում է, իշխանափոխություն եղավ, բայց նույն գիծը մեր կառավարությունը բռնել է և չի շեղվում»,- նշեց Վարդանյանը։

Նրա խոսքով՝ ջերմուկցիները բողոքում են, չեն հանդուրժելու, որ տարածքում հանք լինի։

Հարցին ի պատասխան, թե արդյո՞ք իշխանությունները չեն գիտակցում այդ ռիսկերը, նաև՝ անվտանգային, ռազմավարական տեսանկյունից, Վարդանյանը նշեց, որ գուցե գիտակցում են, հատուկ են անում, այդ հարցը պետք է իրենց տալ։

«Ինչ անվտանգության մասին է խոսքը, եթե 2020թ Արծվանիկի պոչամբարում ռումբ է ընկել այն դեպքում, երբ պատերազմը Արցախում էր, իսկ այժմ նրանք ՀՀ տարածքում են գտնվում, ինչպե՞ս ենք վտանգի նոր օբյեկտ ստեղծում, քի՞չ են այդ օբյեկտները։ Եթե իրենք մտածում են, որ ինչ-որ հանք զսպելու է Ադրբեջանին հարձակումից ու ռմբակոծությունից, թող ամեն մետրի վրա հանք բացեն, ամեն տեղ էլ մի բան կա։ Հակառակը, ինքն ասելու է՝ իրենց ջրերն էլ ենք աղտոտելու, դրա համար են իբրև հարձակվում։ Ի՞նչ են պատասխանելու այդ դեպքում։ Մեզ են գժի տեղ դրել, թե իրենք են տգետ, թե հատուկ են անում՝ չեմ կարող ասել»։

Վարդանյանի կարծիքով՝ երեք դատական գործերը դառնալու են 300-ը, 3000-ը, բոլոր ջերմուկցիները, բիզնեսի սեփականատերերը դիմելու են՝ կառավարությունից վնասի հատուցում ստանալու համար։

Ամուլսարի հանքի շահագործումը կասեցված էր բնապահպանների ցույցերի ու բողոքների պատճառով։ 2018-ից այնտեղ ակտիվիստները փակել էին հանք տանող ճանապարհն ու պահանջում էին արգելել դրա շահագորոծումը, քանի որ տարածքն էկոլոգիական վտանգի տակ է հայտնվում։