6 մարտի 2023 - 11:27 AMT
Կարմրուկի հաստատված 20 դեպք կա, 19-ը՝ չպատվաստված, 1-ը՝ թերի

Հայաստանում կարմրուկի 20 հաստատված դեպք կա։ Հոսպիտալացված է 18 քաղաքացի, 1-ը դուրս է գրվել: Նրանց առողջական վիճակը գնահատում է միջին ծանրության:

Հիվանդներից 19-ը պատվաստված չի, 1-ը թերի է պատվաստված (1 դեղաչափ), հայտնում է Առողջապահության նախարարությունը։

Պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 6 տարեկան երեխաների համար: Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը զեկուցել է, որ 20 դեպքից 15-ը գրանցվել է երևանաբնակների մոտ, իսկ նրանցից 5-ին քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող պոլիկլինիկաներում են հայտանաբերվել, հայտնում է Panorama.am-ը։

Փոխքաղաքապետը նաև տեղեկացրել է, որ պոլիկլինիկաներում շաբաթ և կիրակի օրերին ժամը 10:00-17:00 ընկած ժամանակահատվածում հերթապահություն է սահմանվել, կազմակերպվել ակտիվ պատվաստումային գործընթաց և գանգատներ ունեցող քաղաքացիներին տրամադրվել է խորհրդատվություն:

Գևորգ Սիմոնյանն իրազեկման ակցիա է անկցացրել՝ ասելով. «Կարմրուկը սուր վիրուսային, խիստ բարձր վարակելիությամբ հիվանդություն է, օդակաթիլային ճանապարհով մեկ հիվանդը միջինում կարող է վարակել մինչև 18 կոնտակտավորի: Հիվանդության ախտանիշներն են՝ բարձր ջերմությունը, հարբուխը, քթահոսությունը, չոր հազը և հիվանդության զարգացման 3-5-րդ օրերին նկատվում է մաշկային ցան, աչքերի բորբոքում, ըմպանացան»:

Նա հայտնել է, որ կանխարգելման միջոցը պատվաստումներն են, իսկ նրանք, ովքեր չեն պատվաստվել, պետք է կրեն դիմակներ: