6 մարտի 2023 - 11:57 AMT
Ադրբեջանական դիվերսիայի ժամանակ վիրավորված ոստիկանի կյանքին վտանգ չի սպառնում

Ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով վիրավորում ստացած ոստիկանության ծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: Այդ մասին տեղեկացրել է Արցախի Առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Մուսայելյանը։

Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր, հայտնում է Արցախպրեսը։

«Առավոտյան Հանրապետական բժշկական կենտրոն է ընդունվել 1993 թվականին ծնված տղամարդ, ում մոտ կան հետևյալ ախտորոշումները ՝ կրծքավանդակի հրազենային բաց թափանցող վիրավորում, ձախից թոքի վնասում, բաց հեմոպնևմաթորաքս: Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում իրականացվել են համապատասխան միջոցառումները և նա տեղափոխվել է վիրահատարան»,- ասել է Մհեր Մուսայելյանը։

Հիվանդի բուժումը կշարունակվի վերակենդանացման բաժանմունքում։

Մարտի 5-ին ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա, ինչի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող՝ փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյանը: Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ:

Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարել է, որ տարածքային կորուստներ չկան՝ նման լուրերը սուտ են։ Ադրբեջանը հայտնել է 2 զոհի մասին։