Արցախի կառավարությունում փոփոխություններ են կատարվել՝ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 8-ին մի շարք հրամանագրեր է ստորագրել։
Հրանտ Սաֆարյանն ազատվել է ԱՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնից: Այդ պաշտոնում նշանակվել է Գեորգի Հայրիյանը:
Արմեն Մանգասարյանն ազատվել է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի պաշտոնից։ Նախարար է նշանակվել Վահրամ Առաքելյանը:
Արամ Սարգսյանն ազատվել է ԱՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնից: ԱՀ քաղաքաշինության նախարարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի նախարարի տեղակալ Ազատ Համբարձումյանը:
Գեորգի Հայրիյանն ավելի վաղ ազատվել էր ԱՀ ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից։ Ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արարատ Խաչատրյանը։
Վահրամ Առաքելյանն ազատվել էր ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի տեղակալի պաշտոնից:
Մարտի 1-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, ներկայացնելով Արցախի Հանրապետության նորանշանակ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանին, նշել էր, որ պետնախարարն ունենալու է լիազորությունների լայն շրջանակ, նրա համակարգման տակ են գործելու բոլոր նախարարությունները՝ բացառությամբ արտաքին, պաշտպանության ու ներքին գործերի նախարարությունների, իր համակարգման ոլորտներում ունենալու է կադրային քաղաքականությունը մշակելու և վարելու ազատություն։ Գուրգեն Ներսիսյանին է փոխանցվել նաև Արցախի ներդրումային և գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամների հոգաբարձուների խորհուրդների նախագահությունը։