9 մարտի 2023 - 13:58 AMT
ՀՀ դեսպանությունը հերքել է Հայաստանից Վրաստան հատուկ ջոկատայիններ ուղարկելու մասին տեղեկությունը

Վրաստանում Հայաստանի դեսպանատունը հերքել է վրացական մեդիադաշտում տարածված լուրը, թե թբիլիսյան ցույցերը ցրելու համար Հայաստանիից հատուկ ջոկատայիններ են տարել Վրաստան։

Վրաստանում Հայաստանի դեսպանությունից ասել են, որ տարածված տեղեկությունը կեղծ է և որևէ աղերս չունի իրականության հետ, հայտնում է «Ալիք մեդիան»։

«Կոչ ենք անում և հորդորում ԶԼՄ-ներին զերծ մնալ նմանատիպ ստահոդ տեղեկատվության տարածումից, ինչպես նաև չտրվել սադրանքների»,-ասել էին դեսպանատանից։

Վրաստանյան pirvelinews.com լրատվականը՝ հղվելով մի անանուն ցուցարարի, տեղեկություն էր տարածել, թե Հայաստանից հատուկ ջոկատայիններ են բերվում Վրաստան։

«Սկանդալային տեղեկություններ են տարածվում, որ Հայաստանից հատուկ ջոկատայիններ են բերվում Վրաստան․ բոլորը ռուսերեն են խոսում», — pirvelinews.com-ի փոխանցմամբ, ասել էր ցուցարարը՝ նշելով, թե այդ ռուսերեն խոսակցություններից ձայնագրություն ունի։

Թբիլիսիի կենտրոնում մի քանի օր է ցույցեր և հանրահավաքներ են ընթանում, որոնք սկսվել են Վրաստանի խորհրդարանի կողմից մարտի 7-ին «Օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրինագծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո։ Ոստիկանությունը ցրել է ցույցերը ուժի կիրառմամբ՝ արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ են օգտագործվել, հարյուրավոր մարդիկ բերման են ենթարկվել։

Photo. Reuters