Գործադիրը հավանություն է տվել օրինագծերի փաթեթին, որով նախատեսվում է հստակեցնել կարգապահական և զինվորական ծառայության կազմակերպման հետ կապված հարաբերությունները։
Հավանություն է տրվել «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին:
Ըստ հիմնավորման, մասնավորապես՝ անհրաժեշտություն է առաջացել օրենքում հստակեցնել զորահավաքային զորակոչի միջոցով զորահավաքային զինվորական ծառայություն անցնող կամ վարժական հավաքների կանչված զինծառայողների նկատմամբ խրախուսանքներ և կարգապահական տույժեր կիրառելու շրջանակը, կարգապահական տույժերի տեսակների ցանկում աշխատանքի արտահերթ վերակարգի փոխարեն նախատեսել զինծառայողի ամսական պաշտոնային դրույքաչափից պահում՝ մինչև 30 տոկոս չափով և մինչև երեք ամիս ժամկետով:
Նախատեսվում է նաև հստակեցնել կարգապահական տույժերի ընտրության կարգը և կարգապահական տույժերի բողոքարկման ընթացակարգը, կանոնագրքում իրականացնել մի շարք այլ բնույթի հստակեցումներ և կարգավորումներ:
Նշվել է, որ, առկա իրողություններով պայմանավորված, անհրաժեշտություն է առաջացել նաև կարգապահական իրավախախտումների տեսակները լրացնել զինծառայողի կողմից օրենքով սահմանված սահմանափակումները չպահպանելու, ինչպես նաև գաղտնիության ռեժիմի պահպանման կանոնների խախտումների համար պատասխանատվություն սահմանող հոդվածներով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում վարչական պատասխանատվություն կսահմանվի զինծառայողների համար նախատեսված զինվորական համազգեստը զինվորական ծառայության մեջ չգտնվող և զինվորական համազգեստ կրելու իրավունք չունեցող անձի կողմից կրելու համար
Պատասխանատվություն է սահմանվում նաև ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների կողմից պաշտպանության նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցները տեխնիկապես սարքին և շահագործման համար պիտանի վիճակում չպահելու կամ սահմանված կարգով տրանսպորտային միջոցների ներգրավումից խուսափելու համար:
Օրինագծերի ընդունումը պայմանավորված է պաշտպանության ոլորտի բարեփոխումների օրենսդրական ապահովումն իրականացնելու անհրաժեշտությամբ: