Մարտի 10-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ, Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 46-ի։
Հիվանդներից 15-ը հոսպիտալացված է, 17-ը չի հոսպիտալացվել, 14-ը դուրս է գրվել:
Նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, հայտնում է Առողջապահության նախարարությունը։
46 վարակվածից 43-ը պատվաստված չէ, 3-ը պատվաստված է մեկ դեղաչափով:
Պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար:
ԱՆ-ն կարմրուկի դեմ պլանային պատվաստումներ չստացած երեխաների ծնողներին հորդորում է դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին:
Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:
Կարմրուկը խիստ վարակիչ վիրուսային հիվանդություն է, որին բնորոշ է բարձր ջերմությունը, տարածուն բծավոր ցանը և հազը, հարբուխը կամ շաղկապենաբորբը:
Թեև կարմրուկը համարվում է մանկական վարակ, բայց վերջի տարիների վարակի 1/3-րդ դեպքերը արձանագրվում է մեծահասակների շրջանում: Mոտ 30 տոկոս դեպքերում կարող են զարգանալ նաև հիվանդության բարդություններ` թոքաբորբ, լարինգո-տրախեաբրոնխիտներ, միջին ականջի բորբոքում, գլխուղեղի և նրա թաղանթի բորբոքում: