10 մարտի 2023 - 12:28 AMT
ԿԽՄԿ ուղեկցությամբ Արցախից 16 անձ է տեղափոխվել ՀՀ, 13-ը` վերադարձել ԱՀ

Մարտի 10-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ 16 անձ է տեղափոխվել Հայաստան։

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններով, ինչպես նաև շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ անձինք տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Պետական պատվերի շրջանակում բուժում ստանալու համար ՀՀ ուղեգրված 13 բուժառու ուղեկցողների հետ վերադարձել է Արցախ։

ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

«Արևիկ» բուժմիավորումում 2 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 8 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում։

Մինչ օրս Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 169 հիվանդ։