25 հունիսի 2002 - 23:24 AMT
ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ՀԻՄՆԱՎՈՐԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ ՄԻՋՆՈՐԴ ՀԱՆԴԻՍԱՆԱԼՈՒ ԻՐ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆԸ
Թուրքիան պետք է հիմնավորի ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման միջնորդ հանդիսանալու իր հավակնությունը: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը հայտարարել է Հայաստանի խորհրդարանի «Ագրարային արդյունաբերություն» միավորման պատգամավորական խմբի ղեկավար, Քաղաքագետների ասոցիացիայի նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Նրա խոսքերով` բանակցային գործընթացին մասնակցելու Թուրքիայի ձգտումը պետք է ապացուցվի այդ երկրի պատրաստակամությամբ` հրաժարվել ճնշում գործադրել բանակցող կողմերից մեկի վրա մյուսի ինքնասիրությունը բավարարելու համար: «Անհեթեթ է հնչում Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Իսմայիլ Ջեմի վերջին հայտարարությունը` որոշակի դեր ստանձնելու Թուրքիայի պատրաստակամության մասին, որը վերաբերում է ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորմանը, այն դեպքում երբ այդ երկիրը շարունակում է Հայաստանի շրջափակումը եւ հրաժարվում է առանց նախնական պայմանների դիվանագիտական հարաբերություններ ստեղծել պաշտոնական Երեւանի հետ»,- ընդգծել է հայ խորհրդարանականը:
Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: