11 մարտի 2023 - 16:59 AMT
Ռոդենի քանդակը կտեղափոխվի, տեղում կտեղադրվի Ազնավուրի մեծ արձանը

Երևանի կենտրոնում գտնվող Օգյուստ Ռոդենի քանդակը կտեղափոխվի, Ֆրանսիայի հրապարակի կենտրոնում կտեղադրվի Հայաստանի ազգային հերոս, երգիչ, երգահան Շառլ Ազնավուրի արձանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանը։

Ռոդենի՝ Ժյուլ Բաստիեն Լեպաժի արձանը կտեղափոխվի Ֆրանսիայի հրապարակի մեկ այլ հատված։

«Նախօրեին ավագանու մեր հանձնաժողովին ներկայացվեց նախագիծ, ըստ որի Ֆրանսիայի հրապարակի կենտրոնում մտադրություն կա տեղադրել Շառլ Ազնավուրի արձանը, իսկ Ռոդենի՝ Ժյուլ Բաստիեն Լըպաժի քանդակը կտեղափոխվի այլ վայր՝ կրկին նույն հրապարակում:

Ըստ պայմանագրի՝ Ռոդենի քանդակը պետք է լինի հենց Ֆրանսիայի հրապարակում, ուստի այս պահին դիտարկվում է երկու վայր. մեկը Օպերայի շենքի մոտի անցումից, երբ անցնում ենք դեպի Կոնսերվատորիայի պուրակ՝ փողոցը կիսող մեջտեղի հատվածում, մյուսը՝ Սարյանի պուրակի առջևի հատվածում, որտեղ տաքսիներ էին կայանում:

Հարցիս, թե ինչո՞ւ Ազնավուրի արձանը չի տեղադրվում Ազնավուրի հրապարակում, ինչն ավելի տրամաբանական կլիներ, մշակույթի վարչության պետը պարզաբանեց, որ արձանը շատ մեծ է լինելու, ուստի այդ հրապարակում հարմար հատված չկա:

Նշեմ նաև, որ նույն արձանից տեղադրվելու է նաև Ֆրանսիայում»,-ասվում է գրառման մեջ։

Ազնավուրի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրման մասին նախագիծը կքննարկվի Երևանի ավագանու առաջիկա նիստում։

Որոշման ընդունման համար հիմք է հանդիսանում «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրի փետրվարի 27-ի գրությունը, որով վերջինս առաջարկում է Հայաստանի ազգային հերոս, երգիչ, երգահան, պոետ, դերասան, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին ընդառաջ Երևան քաղաքում տեղադրել մեծանուն շանսոնյեի հիշատակը հավերժացնող հուշարձանը: