13 մարտի 2023 - 14:20 AMT
Պարեկը կրակել է կացնով սպառնացող տղամարդու վրա․ Վերջինս հիվանդանոցում մահացել է

Մարտի լույս 13-ի գիշերը ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի մի բնակչուհի և գողության մասին հաղորդում տվել: Ահազանգով մեկնել են ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը և պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի ծառայողները:

Տղամարդը կացնով սպառնացել է ոստիկանության ծառայողներին, հայտնում է կառույցի մամուլի ծառայությունը։

«Նրա հարձակումը կանխելու, ինչպես նաև իրենց կյանքին կամ առողջությանը սպառնացող վտանգը չեզոքացնելու համար, կիրառվել է հրազեն։ Տղամարդը տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:

Հրազդանի 45-ամյա բնակիչը, որը նախկինում դատապարտվել էր, մահացել է»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Կատարվում է նախաքննություն: Հանգամանքները պարզվում են։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գողության փոր է արվել անասնագոմից։ Shamshyan.com-ը հայտնել էր, որ ոստիկանության աշխատակիցները մոտեցել են անասնագոմին և բարձրախոսով ներկայացել, որ իրենք ոստիկանության աշխատակիցներ են ու պահանջում են, որպեսզի այնտեղ գտնվող անձը դուրս գա։

«Բազմաթիվ անգամներ զգուշացնելուց հետո անասնագոմից դեպքը ծածկած դուրս է գալիս մի տղամարդ, որի ձեռքին կացին է լինում։ Վերջինս պահանջել է որպեսզի ոստիկանության և Պարեկային ծառայության աշխատակիցները չմոտենան իրեն, հեռանան և չփորձեն իրեն բռնել։ Հակառակ դեպքում՝ ձեռքին եղած կացնով կսպանի բոլորին։ Նա կացինը ձեռքին սկսում է, անկանոն շարժումներ կատարելով, հարձակվել ոստիկանության ծառայողների վրա։ Այդ ժամանակ պարեկներից մեկն իրեն ամրակցված ատրճանակից նախազգուշական 2 կրակոց է արձակել դեպի օդ։ Սակայն այդ կրակոցներն էլ չեն կանխել քաղաքացու հարձակումը պարեկների ու ոստիկանների վրա, որից հետո զգալով, որ վտանգը դառնում է իրական, պարեկը 1 անգամ կրակոց է արձակել իրենց ուղղությամբ եկող տղամարդու վրա»,-ասվում էր հրապարակման մեջ։