13 մարտի 2023 - 17:42 AMT
Գրիգորյանն ու Ռասմուսենն անդրադարձել են Լաչինի շրջափակման հետևանքով առաջացած ճգնաժամին

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և «Ռասմուսեն Գլոբալ» խորհրդատվական ընկերության հիմնադիր-տնօրեն Անդրես Ֆոգ Ռասմուսենը Երևանում կայացած հանդիպմանը մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ կապված հարցերի շուրջ, անդրադարձել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած ճգնաժամին:

Կողմերը քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը: ԱԽ քարտուղարը ներկայացրել է տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերները և կարևորել է անվտանգության ապահովման գործում ՀՀ-ի կողմից ժողովրդավարացմանն ուղղված ջանքերը:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը:

«Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին ընդունել է նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: Հյուրի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է տարածաշրջանի վերջին զարգացումները և դրանց հետևանքով ստեղծված իրադրությունը: