14 մարտի 2023 - 12:03 AMT
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը Ջերմուկ կայցելի

Երկօրյա այցով Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Ջերմուկ կայցելի՝ ծանոթանալու անցած սեպտեմբերի ռազմական գործողություններից հետո ստեղծված սահմանային իրավիճակին։

2022-ի ներխուժումից հետո ադրբեջանական զորքերը, ըստ պաշտոնական աղբյուրների, 4.5 կմ հեռավորության վրա են Ջերմուկից։

Վարչապետի աշխատակազմից այլ մանրամասներ չեն հաղորդել ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի այցի մասին՝ տեղեկացնելով միայն, որ Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի նախկին ղեկավարն օրվա ընթացքում ճեպազրույց կունենա լրագրողների հետ, գրում է «Ազատությունը»։

Ռասմուսենը, որն այժմ «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահն է, Երևանում երեկ հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանի հետ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և անվտանգային մարտահրավերների շուրջ: Քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր, երկուստեք կարևորվել են այդ ուղղությամբ շարունակական ջանքերը: