ԱՀ Մարտակերտ քաղաքի մանկապատանեկան մարզադպրոցում կազմակերպվել է ազատ ոճի ըմբշամարտի մրցաշար` նվիրված հանուն հայրենիքի նահատակված ըմբիշների հիշատակին։
Մրցաշարի կազմակերպիչ Նժդեհ Իսկանդարյանը նշել է, որ ըմբշամարտ մարզաձևից նման հուշամրցաշար առաջին անգամ է կազմակերպվել։
«Սա կարելի է ասել մեկնարկ է հետագայում նմանատիպ միջոցառումներ հաճախակի կազմակերպելու համար։ Հույս ունենք, որ ավանդույթ կդառնա և շարունակական բնույթ կկրի»,- ասել է նա, հայտնում է Արցախպրեսը։
Նրա խոսքով մարտի 11-ին տեղի ունեցած մրցաշարի նպատակը պատանի մարզիկների ներուժը բացահայտելն է հետագայում նրանց հնարավորություն ընձեռելով մասնակցելու ավելի մեծ մրցաշարերի՝ Հայաստանում , ինչպես նաև արտերկրում։
Ըմբշամարտի գլխավոր մարզիչ Արմեն Մուրադյանն ընդանուր առմամբ գոհ է իր թիմի ցուցաբերած արդյունքներից։ Մրցաշարում նրանք ներկայացրել են Ստեփանակերտը։
Մարզչի տեղեկատվությամբ մրցաշարին մասնակցել է մոտ 120 մարզիկ՝ Մարտակերտից, Մարտունուց, Ստեփանակերտից։