14 մարտի 2023 - 13:42 AMT
Փաշինյան․ Մեծ է էսկալացիայի հնարավորությունը թե ՀՀ սահմանի երկայնքով, թե ԼՂ-ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ՀՀ-ն կանգնած է նոր լայնածավալ պատերազմի եզրին, ասել է, որ շատ մեծ է էսկալացիայի հնարավորությունը թե Հայաստանի սահմանի երկայնքով, թե ԼՂ-ում։

«Տեսնում ենք Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ հռետորաբանությունը և քաղաքականությունը, որն անընդհատ աճել է։ Կարծում եմ, այո, շատ մեծ է էսկալացիայի հնարավորությունը թե Հայաստանի սահմանի երկայնքով, թե ԼՂ-ում։ Իմ եզրակացությունն Ադրբեջանի հռետորաբանությունից է»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ կան նաև այլ տվյալներ։

Անդրադառնալով զսպման մեխանիզմներին՝ Փաշինյանն ասել է, որ ՀՀ-ն հրավիրել է ԵՄ դիտորդներին, ինչը թույլ կտա արձանագրել, որ ՀՀ-ն չէ, որ նախաձեռնում է ագրեսիվ գործողություններ։

Փաշինյանը հիշեցրել է, որ 2020թ. պատերազմից առաջ, և դրանից հետո Ադրբեջանը ցանկացած էսկալացիայի մեջ մեղադրում էր ՀՀ-ին, ուստի և ԵՄ գործընկերներին ասվել է, որ, դիտորդներ գործուղելով, կկարողանան հիմնվել իրենց տեղեկատվության վրա։

Ըստ Փաշինյանի, միջազգային հանրությունը պետք է ևս արձանագրի, որ շատ մեծ է նոր էսկալացիայի վտանգը։