22 ապրիլի 2009 - 20:48 AMT
Սեմյոն Բագդասարով. Թուրքիան պետք է զղջա Հայոց ցեղասպանության համար
ՌԴ Պետդումայի պատգամավոր Սեմյոն Բագդասարովը «Հայաստան-Թուրքիա. իրական տեղաշարժեր երկկողմանի հարաբերություններու՞մ, թե՞ գերտերությունների աշխարհաքաղաքական խաղեր» թեմայով Երեւան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը եւ հայկական սփյուռքը պետք է շարունակեն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը եւ բոլոր ջանքերը գործադրեն դրա համար: «Դա դրական գործընթաց է եւ այն պետք է շարունակել: Թուրքիան պետք է ընդունի այն փաստը, որ Օսմանյան կայսրությունում իրականացվել է Հայոց ցեղասպանություն»,- նշել է ռուս պատգամավորը: Նրա խոսքերով, խոսք անգամ չի կարող գնալ պատմության ուսումնասիրման հանձնաժողով ստեղծելու մասին: «Թուրքիան պետք է զղջա այն ամենի համար, ինչ կատարվել է Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ շուրջ մեկ դար առաջ, ինչպես դա արել է Գերմանիան Հոլոքոստի դեպքում»,- ընդգծել է Սեմյոն Բաղդասարովը: