15 մարտի 2023 - 14:17 AMT
Պապիկյան․ Առաջնագիծն իդեալական վիճակում չէ, բայց ամեն ինչ արվում է

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդարանում կառավարության նախորդ տարվա ծրագրի կատարման քննարկման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի ռազմական ղեկավարությունն ամեն ինչ անում է պաշտպանական սահմաններն ամրապնդելու, նոր ամրաշինական և ինժեներական կառույցներ ստեղծելու համար։

Պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի՝ առաջնագծի անմխիթար վիճակի մասին դիտարկմանը` նախարարն ասել է, որ այդ գիծը բնավ իդեալական վիճակում չէ և ոչ ոք աչք չի փակում այդ փաստի վրա, հայտնում է Sputnik Արմենիան։

«Իհարկե, առաջնագծում ամեն ինչ այնպես չէ, ինչպես ես կցանկանայի, առաջին հերթին՝ որպես պաշտպանության նախարար։ Բայց ամեն ինչ արվում է, որպեսզի առաջնագիծն օր առաջ ավելի ամուր լինի։ Նախկինում փակ քննարկման ժամանակ ներկայացրել եմ աշխատանքների ծավալն ու բնույթը։ Այդ աշխատանքները շարունակվում են»,- նշել է Պապիկյանը։

Նա հավելել է, որ պաշտպանական գիծը հատկապես Ադրբեջանի սանձազերծած սեպտեմբերյան մարտերից հետո լիարժեք և ամբողջական կահավորման կարիք ունի: Խոսքը, ի թիվս այլ բաների, նաև թիկունքային որոշ ենթակառուցվածքների ստեղծման մասին է։ Ընդհանուր առմամբ, բանակում հսկայական աշխատանք է սպասվում, և Պապիկյանը մտադիր է ավարտին հասցնել իր սկսածը։

Նախարարը նշել է, որ վերջին մի քանի տարվա ընթացքում հարյուրավոր կիլոմետրեր դաշտային և բարձրլեռնային ճանապարհներ են կառուցվել, որոնք տանում են դեպի առաջավոր ամրություններ: Կառուցվել են նաև հարյուրավոր հենակետեր։

Պապիկյանը շեշտել է՝ չպետք է մոռանալ նաև այն փաստը, որ այս ընթացքում եղել են էսկալացիայի որոշ դեպքեր, որոնց արդյունքում գիծը փոխվել է և ոչ հօգուտ Հայաստանի։ Ժամանակ առ ժամանակ ՀՀ ՊՆ–ն ստիպված է լինում նոր առաջնագիծ ստեղծել, այնուամենայնիվ, ռեսուրսներն ու հնարավորությունները բավարար են որակական փոփոխության համար։