Ադրբեջանը նախնական հայտ է ներկայացրել Երևանում ապրիլին անցկացվելիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը։ Միջազգային կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը հայտնել է, որ ըստ միջազգային ֆեդերացիայի կանոնակարգի, մասնակցության հայտի վճարումների վերջնաժամկետը մարտի 31-ին է՝ չվճարելու դեպքում՝ չեն մասնակցի, հայտնում է Արմենպրեսը։
Միջոցառմանը նվիրված ասուլիսում նշվել է, որ Ադրբեջանը նախնական հայտ է ներկայացրել 6 մարզիկով։
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի 2023 թ․ առաջնության կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանն ասել է․ «Ցանկացած նման մեծ միջոցառումներ անցկացնելու հայտ ներկայացնելիս յուրաքանչյուր երկիր երաշխավորում է տվյալ մայրցամաքի ֆեդերացիաների անվտանգ և անխոչընդոտ մասնակցությունը տվյալ մրցաշարին: Պատրաստ ենք հավատարիմ մնալ մեր խոստումներին և ապահովել բոլորի մասնակցությունը: Մենք պարտավորվում ենք հյուրընկալել բոլոր այն երկրների ներկայացուցիչներին, որոնք մասնակցության հայտ ներկայացնելու իրավունք ունեն»:
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ Երևանն ընդունում է նման խոշորամասշտաբ մրցաշար: Ծանրամարտի ԵԱ-ն վարկանիշային է Փարիզի 2024 թվականի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Առաջնությանը կմասնակցեն մոտ 40 երկրի 500-ից ավել մարզիկներ: Ընդհանուր պատվիրակությունների թիվը կգերազանցի 1000-ը: Առաջնության բացման պաշտոնական արարողությունը կկայանա ապրիլի 14-ին:
Առաջնության մուտքը լինելու է տոմսերով, որոնք կլինեն վաճառքում և, ամենայն հավանականությամբ, կարժենան 1000-10,000 դրամ: