17 մարտի 2023 - 15:46 AMT
Դատախազությունը պահանջում է Հովիկ Աբրահամյանից և փոխկապակցված անձանցից 59 անշարժ գույք բռնագանձել

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին ՀՀ տարածքային կառավարման նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանից, նրա կնոջից՝ Ջ.Ա.-ից, որդուց, դստրերից, իրեն փոխկապակցված այլ անձանցից (աշխատակիցներ, ազգականներ և նրանց ամուսիններ) հօգուտ ՀՀ-ի 59 անշարժ գույք բռնագանձել։

Այդ գույքից 15-ը՝ Երևանում, մեծամասամբ Կենտրոն վարչական շրջանում, 12-ն Արարատի մարզի Մխչյան համայնքում, 10-ը՝ Նարեկ համայնքում, 2-ը՝ Արզականում, 6-ը՝ Ծաղկաձորում, 1-ը՝ Ջերմուկում, 1-ը՝ Սևանում, 6-ը՝ Դիլիջանում, 3-ը՝ Մեղրաձորում, 1-ը՝ Մարմարաշենում, 1-ը՝ Այնթապում, 1-ը՝ Արևաբույրում։

Առաջարկվում է բռնագանձել նաև 4 ավտոմեքենա, 20 ընկերության մասնակցություն և բաժնետոմս, շուկայականից էականորեն ցածր արժեքով օտարված 9 գույքի շուկայական արժեքներ՝ ընդհանուր՝ 1 մլրդ 628 մլն 277 հազար 90 դրամ, ընկերություններին տրված փոխառություններից ծագող պահանջի իրավունք՝ 11 մլն 292 հազար 570 ԱՄՆ դոլարի, 687 մլն 500 դրամի և 3 մլն 117 հազար 680 եվրոյի չափով, 21 մլրդ 202 մլն 67 հազար 797 դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող, բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված կամ չնույնականացված դրամի հանրագումար:

Հակակոռուպցիոն կոմիտեն վարույթ է ընդունել գործը։

Մեկ հայցադիմումով Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանց» ծրագրի «Տրանշ 1» և «Տրանշ 2» հատվածների կապալառու իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկցիոն» ընկերության հայաստանյան մասնաճյուղի ենթակապալառու «Պոլի-Տրանսպորտ» ՍՊ ընկերության բաժնետեր Գ.Վ.-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության որպես ապօրինի ծագում ունեցող գույք բռնագանձել՝

-Երևանի Աջափնյակ համայնքի Վահագնի թաղամասի Ն. Շնորհալի փողոցում գտնվող բնակելի տունը, 2 տրանսպորտային միջոց, 3 իրավաբանական անձանցում մասնակցություն, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է ավելի քան 163 միլիոն դրամ.

-33 միլիոն դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող, բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամի հանրագումար: