20 մարտի 2023 - 13:21 AMT
ՀՀ-ն Բաքվի կողմից Հաագայի դատարանի որոշումը չկատարելու հարցը կբարձրացնի ՄԱԿ-ում

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն աշխատում է Լաչինի միջանցքն արգելափակելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումն Ադրբեջանի կողմից չկատարելու հարցը ՄԱԿ Անվտանգության խորհրդում բարձրացնելու ուղղությամբ։ Այդ մասին ԱԺ պետական–իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը` անդրադառնալով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին:

Վերջինս հետաքրքրվել է՝ արդյոք հնարավոր համարո՞ւմ է, որ ՄԱԿ անվտանգության խորհուրդը, դիտարկելով Հաագայի դատարանի որոշումը, որպես պարտադիր կատարման ենթակա ակտ, կիրառի ՄԱԿ կանոնադրության 7-րդ գլխով սահմանված սանկցիաները, հարկադրանքի միջոցները կամ առնվազն սկսի այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել, և, թե արդյոք Հայաստանն այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկում է, հայտնում է Sputnik Արմենիան։

Կիրակոսյանն ընդգծել է, որ Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Արդարդատության միջազգային դատարանի որոշումն իրավաբանորեն պարտադիր ուժ ունի՝ համաձայն ՄԱԿ-ի և դատարանի կանոնադրության և Ադրբեջանի կողմից ենթակա է պարտադիր կատարման:

«Մենք, ցավոք, առերեսվում ենք իրականության հետ, որ Ադրբեջանն առհասարակ անտեսում է որոշումը։ Ոչ միայն անտեսում է, այլ ամենաբարձր պաշտոնական մակարդակից մինչև ցածր պաշտոնական մակարդակներում փորձում է նաև աղավաղել որոշման բովանդակությունը: Դա նաև վերջերս արտահայտվել էր Ադրբեջանի ԱԳ նախարարի նամակում, որն ուղղված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, որին, ի պատասխան, նամակ է ներկայացվել նաև մեր նախարարի կողմից»,- ասել է Կիրակոսյանը:

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։