21 մարտի 2023 - 13:09 AMT
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ «Հայաստանը չարաշահում է ԵՄ առաքելության տեղակայման փաստը»

Ադրբեջանի ԱԳՆ կոչ է արել Հայաստանի իշխանություններին «չչարաշահել Հայաստանի տարածքում ԵՄ առաքելության տեղակայումը՝ լարվածության աճի և սադրանքները քողարկելու նպատակով»։ Այդ մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ, հայտնում է Interfax.az-ը։

Վերջին շրջանում Ադրբեջանը գրեթե ամեն օր խախտում է հրադադարը ինչպես ԼՂ հետ շփման գծում, այնպես էլ ՀՀ հետ սահմանին՝ միևնույն ժամանակ ապատեղեկատվություն տարածելով և մեղադրելով հայկական կողմին խախտումների մեջ։

«Հայկական կողմը պետք է վերջ տա իր տարածքում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման չարաշահմանը, որի նպատակը տարածաշրջանում իրադրության սրումն է ու սեփական ռազմական սադրանքները կոծկելը», - ասվում է հայտարարության մեջ։

Նաև նշվում է, որ «անհրաժեշտ է, որ այդ առաքելության ներկայությունը Հայաստանում առիթ չդառնա Երևանի համար հրաժարվելու իր ստանձնած պարտավորություններից»։

Մարտի 21-ին ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը։

«Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 20-ին, ժամը 02:50-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,-ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։