21 մարտի 2023 - 17:56 AMT
Իսրայելյան Հայֆայի կենտրոնում Armenian Genocide Square անվամբ հրապարակ է բացվել

Իսրայելի Հայֆա քաղաքի կենտրոնում մարտի 20-ին տեղի է ունեցել Armenian Genocide Square անվամբ հրապարակի բացումը: Արարողությունը տեղի է ունեցել՝ չնայած Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատան կողմից գործադրված ճնշմանը, հայտնում է Երուսաղեմի Հայ դատի հանձնախումբը:

Միջոցառմանը ներկա է եղել Հայֆայի քաղաքապոտ Էյնաթ Քալիշ-Ռոտեմը, քաղաքային խորհրդի անդամներ, Իսրայելում Հայաստանի դեսպան Արման Հակոբյանը, Երուսաղեմի Հայոց պատրիարքության ներկայացուցիչները, Երուսաղեմի Հայ դատի հանձնախումբը, Իսրայելի հայկական համայնքի անդամներ, ինչպես նաև Հայֆայի տարբեր համայնքների ներկայացուցիչներ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայֆայի քաղիշխանությունները որոշել են կենտրոնական հրապարակներից մեկում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան տեղադրել: Իսրայելում Թուրքիայի դեսպան Շաքիր Օզքան Թորունլերը պաշտոնական նամակ է գրել Իսրայելի մշակույթի և սպորտի նախարար Միկի Զոհարին՝ խնդրելով օգնել հուշարձանի տեղադրման նախաձեռնությունը կանխելու հարցում: Զոհարը նամակը փոխանցել է Իսրայելի արտաքին գործերի նախարարություն, որտեղ էլ խորհրդակցություններ են անցկացվել այդ թեմայով։

Նշվում էր, որ այս օրերին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի դեմ տեղի ունեցող բողոքի ցույցերի ֆոնին Հայֆայի ղեկավարությունը կարող է չանսալ հուշարձանի տեղադրումը չեղարկելու վերաբերյալ կառավարության պահանջներին: Նշվում է, որ դա հավանական է՝ հաշվի առնելով Իսրայելում ՏԻՄ մարմինների ունեցած լայն ինքնավարությունը: