21 մարտի 2023 - 19:09 AMT
Ադրբեջանը ժխտում է ՀՀ ԶՈւ զինծառայողին գերեվարելու մասին տեղեկությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ժխտում է ՀՀ ԶՈւ զինծառայողին գերեվարելու մասին տեղեկությունը։ Հաղորդագրության մեջ ասվում է, թե ՀՀ տարածած տեղեկությունն այն մասին, որ մարտի 21-ին ՀՀ ԶՈւ զինծառայողը մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում և գերեվարվել, «չի համապատասխանում իրականությանը», հայտնում է Interfax.az-ը։

ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ԶՈւ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս, վատ տեսանելիության և մառախուղի պայմաններում, նախնական տվյալներով, մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում։

«Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ, քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվելը հաստատելու և նրան վերադարձնելու ուղղությամբ»,-ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ։