23 մարտի 2023 - 17:13 AMT
Գործընկերության արդյունքը՝ ընտանիքի և երեխայի կյանքի որակի փոփոխություն

Վիվա-ՄՏՍ-ի և «ՍՈՐՍ» հիմնադրամի գործընկերությամբ իրականացվող ծրագրի արդյունքում սահմանապահ Բերդավանում բնակվող ընտանիքի և երեխայի կյանքի որակը զգալիորեն փոխվել է։

Մայրաքաղաք-մարզեր համեմատության տիրույթում դեռևս զգալի տարբերություն կա բնակչին տրվող հնարավորությունների հարցում: Դրանում համոզվել է սահմանապահ Բերդավանում բնակվող Աիդան: Չորս անչափահասի երիտասարդ մայրը, հանգամանքների բերումով՝ հրաժարվել է հիմնական մասնագիտությունից: Նա ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել է զավակներից մեկի՝ Սմբատի խնդրին: Մանկական ուղեղային կաթվածով երեխան ունի անհրաժեշտ գիտելիք և հմտություն պահանջող անհատական օգնականի աջակցության կարիք:

Անհատական օգնականի հոգատար և արհեստավարժ աշխատանքի շնորհիվ՝ Աիդան փորձում է կյանքի նոր ռիթմով ապրել. ավելի շատ ժամանակ հատկացնել մյուս երեխաներին և ամուսնուն, մասնակցել դասընթացների՝ նախասիրությունը կայուն աշխատանք դարձնելու նպատակով: Այգու բերքից պատրաստվող էկոլոգիապես մաքուր չրերն արդեն որոշակի պահանջարկ ունեն: Երիտասարդ տանտիրուհին ձեռներեցության փոքրիկ քայլեր է անում: Չնայած նկարագրված դժվարություններին՝ մասնագիտական նոր հմտություններ է զարգացնում՝ երազանքն իրականություն դարձնելու համար:

«Սմբատի վերականգնման համար, շատ հնարավորություններ կան նաև մայրաքաղաքում, բայց իմ ընտանիքն այստեղ է: Ես նաև գերխնդիր ունեմ. որպես մայր անել այնպես, որ ընտանիքում ոչ ոք չտուժի:

Ուզում եմ ժամանակի հետ ընդլայնել էկոմթերքից պատրաստվող չրերի արտադրությունը: Շատ լավ արձագանքներ ունեմ և կարող եմ զբաղվել իմ նախասիրությամբ: Մայրաքաղաքի և մեծ քաղաքների բալիկների և ծնողների նման, այս ծրագրի շնորհիվ մենք չանտեսվեցինք», - ասել է Աիդա Անանյանը:

Վերջին մեկ տարվա ընթացքում, տարբեր մարզերում բնակվող 20 ընտանիք, օգտվել է անհատական օգնականների աջակցությունից և զգալի հաջողություն արձանագրել: Ավելի քան յոթ տարի, Վիվա-ՄՏՍ-ի և «ՍՈՐՍ» հիմնադրամի գործընկերությամբ իրականացվող ծրագիրը կարևոր է թիրախային խմբում ընդգրկված երեխաների և նրանց ընտանիքների համար: Հատուկ խնամքի անհրաժեշտություն ունեցող երեխաների մոտ արձանագրվում է դրական տեղաշարժ, իսկ նրանց ընտանիքներում, ծրագրի իրականացման 4 ամսվա ընթացքում՝ զգալի չափով թեթևանում է խնամող ծնողի հոգսաշատ առօրյան:

«Մեզ համար կարևոր էր մեծացնել անհատական օգնականների աջակցության աշխարհագրությունը և հասնել նաև մարզեր: Անհատական օգնականների ընտրությունը, վերապատրաստումը, աշխատանքի վերահսկողությունը, ծնողի հետ կապը, քննարկումները և ամեն մի երեխայի համար անհատական զարգացման և խնամքի ծրագիր գրելը կազմակերպվում է փորձագիտական բազմամասնագիտական թիմի կողմից: Արդյունքները վերլուծելով, կարող եմ արձանագրել, որ սրտացավ և արհեստավարժ աշխատանք է տարվում ամբողջ թիմի կողմից»,- ասել է «ՍՈՐՍ»-ի հիմնադիր տնօրեն Մարինա Պառազյանը:

Թիրախային աջակցության արդյունքում, չորս ամսվա (շաբաթական 15 ժամ) աշխատանքի ընթացքում, ընտանիքին կցված անհատական օգնականին հաջողվել է Սմբատի մոտ բարելավել մանր մոտորիկան, հիշողությունը և միջավայրին ինտեգրվելու ցանկությունը: Երեխան սիրում է շփվել և կրթվել, ներառական կրթության շրջանակում էլ, անհատական օգնականի ուղեկցությամբ՝ հաճախել դպրոց: