23 մարտի 2023 - 17:41 AMT
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը` ռուս զինվորների հետ միջադեպի մասին․ Պարտադիր չէ, որ արձագանքը հրապարակային լինի

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Սյունիքի մարզում ադրբեջանցիների կողմից ռուս զինծառայողների վիրավորումն ու միջադեպին Մոսկվայի հնարավոր արձագանքը՝ ասելով, թե պարտադիր չէ, որ այն հրապարակային լինի:

Սյունիքի մարզպետարանը մարտի 22-ին հայտնել էր, որ Գորիսի բժշկական կենտրոն է դիմել երկու ռուս զինվորական՝ գլխի վնասվածքներով: Ստանալով բուժօգնություն՝ նրանք դուրս են գրվել։ ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ավելի ուշ Sputnik Արմենիային հայտնել էր, որ զինվորականները վիրավորվել են ադրբեջանական ԶՈւ-ի կողմից նրանց մեքենայի գնդակոծության հետևանքով այն պահին, երբ մասնակցում էին մոլորված և կորած հայ պայմանագրային զինծառայողի որոնմանը։

Ճեպազրույցի ժամանակ Զախարովան դեպքի առնչությամբ հայտարարել է, որ տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են Պաշտպանության նախարարության միջոցով: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է սպասել հետաքննության արդյունքներին։ Երբ այդ արդյունքները լինեն, նա կկարողանա գնահատական տալ, հայտնում է Sputnik Արմենիան։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպիսին կլինի Մոսկվայի արձագանքը, ԱԳՆ ներկայացուցիչն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այն միայն հրապարակային չի լինում։

«Ամենատարբեր մակարդակներում երկխոսություն կա։ Եվ եթե ինչ-որ բան չի ասվում հրապարակային, ապա դա չի նշանակում, որ այն չի ասվում հեռախոսով, անձամբ, պաշտոնական գրագրություններում և այլն»,–ասել է նա։

Զախարովան պարզաբանել է, որ տարբեր դաշնակիցների, գործընկերների, բարեկամների հետ Ռուսաստանը սեփական դիրքորոշումը հայտնելու տարբեր ձևեր ունի:

Մարտի 22-ին ՀՀ ԶՈւ զինծառայող Մ. Գ.-ն, ով մարտի 21-ին մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս մոլորվել էր տեղանքում, որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Որոշ ԶԼՄ-ներ գրում էին ռուս զինծառայողների վիրավորման մասին, սակայն, պաշտոնական տեղեկություն դրա մասին մինչ այս պահը չի հրապարակվել։

Մարտի 22-ին, ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների, Սյունիքի մարզպետարանը հայտնել է, որ ազգությամբ ռուս 2 զինծառայող մարտի 21-ին դիմել է Գորիսի ԲԿ՝ գլխի շրջանում թեթև մարմնական վնասվածքներով (ոչ հրազենային)։ Նշվում էր, որ նրանք տեղում ստացել են առաջին բուժօգնություն ու անմիջապես դուրս գրվել հիվանդանոցից։