23 մարտի 2023 - 18:15 AMT
Հավելված՝ ընդդեմ բուլինգի, փոդքասթ՝ մոբինգի դեմ պայքարի համար և «կապ» Դիանա Աբգարի հետ․ Ինովացիան՝ հանուն մարդու իրավունքների

Մարդու իրավունքների պաշտպանության համար պայքարը՝ նորարարությամբ ու ինովացիոն լուծումներով, խոսք ու խաղով, վիզուալիզացիայով ու ինֆորմատիվ բնույթի բովանդակությամբ․ A1 Art Space-ում մարտի 23-ին պաշտոնապես ամփոփվեցին Մարդու իրավունքների միջազգային օրվա՝ դեկտեմբերի 10-ի կապակցությամբ հայտարարված «Վերաիմաստավորենք մարդու իրավունքները սոցիալական նորարարությունների միջոցով» մրցույթի արդյունքները։

Մրցույթը կազմակերպվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի կողմից: Մրցույթի նպատակը նորարական գաղափարների և թվային տեխնոլոգիաների միջոցով մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը բարձրացնել ու ոլորտում առկա խնդիրների լուծմանը նպաստելն էր։

Մրցույթի նախընտրական փուլին դիմած 38 թիմից 6-ն ընտրվել և իրենց գաղափարը զարգացրել էր՝ մարդու իրավունքների, մարքեթինգի, հաղորդակցության ոլորտի մասնագետների մենթորությամբ։ Այսօրվա միջոցառման ժամանակ նրանցից 3-ը մրցանակներ ստացան․ 1-ին տեղում երեխաների պաշտպանության համար ստեղծված Safe Childhood (1.000.000 ՀՀ դրամ) նախագիծն էր, երկրորդում՝ Kanani Podcast-ը (650.000 ՀՀ դրամ), 3-րդ տեղ՝ Դիանա Աբգար AR վիզուալիզացիան (300.000 ՀՀ դրամ):

«Երեխաներին չոր ու ցամաք օրենքներով չես կարող ինչ-որ բան սովորեցնել, նրանք հետաքրքրություն են սիրում, իսկ քանի որ մեր ծրագիրը նպատակ ուներ պաշտպանել նրանց՝ սովորեցնելով, որոշեցինք խաղի միջոցով այն կազմել։ Անիմացիոն խաղերով ցույց տալ երեխային՝ ինչպես բուլինգի ենթարկվելու դեպքում հաղթահարի այն։ Մեր հավելվածում երկու հատված ունենք․ Safe և Game: Առաջինի դեպքում վտանգի ժամանակ երեխան բանալի բառ է արտասանում և ավտոմատ կապ է հաստատվում ծնողների, ոստիկանության հետ։ Ունենք նաև արհեստական բանականությամբ աղջիկ, ով կարող է երեխային օգնել»,-իրենց հաղթող նախագծի ու ստեղծվելիք հավելվածի մասին PanARMENIAN.Net-ին պատմում է մասնագիտությամբ ծրագրավորող, դիզայներ ու գործող ուսուցիչ Մերի Հովհաննիսյանը։

Մրցույթի երկրորդ հորիզոնականում հայտնված Kanani Podcast-ը նախատեսում է բարձրացնել հանրային իրազեկվածությունը մոբինգի (աշխատանքում հոգեբանական ոտնձգության) մասին, ինչպես նաև, տրամադրել հոգեբանական գործիքներ, որոնց շնորհիվ մոբինգի զոհերը ձեռք կբերեն սթրեսակայունություն և կսովորեն հակազդման ճիշտ ձևերը։

Երրորդ մրցանակային տեղում գտնվող «Դիանա Աբգար» AR վիզուալիզացիա թիմի ստեղծած ծրագրի շնորհիվ էլ օգտատերերը կկարողանան վիրտուալ կապ հաստատել 20-րդ դարի հայոց պատմության մեծագույն կին դիվանագետ, մարդու իրավուքների ջատագով Դիանա Աբգարի հետ, ծանոթանալ նրա կյանքին ու գործունեությանը՝ այդպիսով հանրության շրջանում բարձրացնելով մարդու իրավունքների ոլորտում հայտնի հայ գործիչների գործության մասին իրազեկվածությունը:

Մասնակիցների այս ծրագրերն ու մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերը բարձր գնահատելով՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան Անդրեա Վիկտորինը նշում է՝ սոցիալական նորարարությունն առավել մեծ կենսական նշանակություն է ձեռք բերում մարդու իրավունքների պաշտպանության համար, իսկ ոլորտում ներդրում կատարելով հնարավոր է կառուցել իրավահավասար և արդար հասարակություն։

«Ըստ իս, այսօր մենք երկու բան ենք տոնում և արժևորում․ առաջինը մարդու իրավունքներն են, երկրորդը՝ երիտասարդների ուժը՝ աշխատելու մարդու իրավունքների համար։ Մարդու իրավունքների պաշտպանությունն իսկապես համամարդկային արժեք է․ որևէ ժողովրդավար հասարակություն չի կարող գոյություն ունենալ՝ առանց հասարակության բոլոր անդամների իրավունքները պաշտպանելու»,-նշեց ԵՄ դեսպանը՝ ընդգծելով՝ այստեղ հատուկ է երիտասարդների դերակատարումը։

Երիտասարդներին քաջալերեց ու արված աշխատանքի կարևորությունից խոսեց նաև ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։

«Կարծում եմ, որ մրցույթն օգնել է ստեղծել համայնքի զգացում երիտասարդների շրջանում, ովքեր մարդու իրավունքների պաշտպանության նվիրյալներն են՝ խթանելով համագործակցությունն ու ցանցային հնարավորությունները: Այն նաև նպաստել է մարդու իրավունքների պաշտպանների և առաջնորդների հաջորդ սերնդի ձևավորմանը»,- նշեց Նացվլիշվիլին։

Միջոցառման ավարտին և մրցանակաբաշխությունից հետո մրցույթի բոլոր մասնակիցներն արդեն հնարավորություն ունեցան շփվելու հյուրերի ու միմյանց հետ, փոխանակելու իրենց նորարարական մտքերն ու գաղափարները, ինչպես նաև կապեր հաստատելու հնարավոր դոնորների հետ: