24 մարտի 2023 - 18:13 AMT
Պատելը՝ Փաշինյանի գրառման մասին․ ԱՄՆ-ն բարձր է գնահատում այդ ուղերձը

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանթ Պատելը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Twitter-յան գրառմանը, նշել է, որ ԱՄՆ-ն բարձր է գնահատում այդ ուղերձը։ Պատելը նաև կիսվել է Փաշինյանի գրառմամբ:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև կլինի խաղաղության պայմանագիր, որը հիմնված կլինի բարձրագույն մակարդակներում ընդունված համատեղ պաշտոնական հայտարարությունների վրա։ Նոր էսկալացիա չի՛ լինի։ Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն աջակցի այս տարբերակին»,-ասվում է Փաշինյանի գրառման մեջ։

Պատելը Twitter-ի իր միկրոբլոգում նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ակտիվորեն մասնակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերաբերյալ բանակցություններին աջակցելու գործին։

«Մենք ոգևորված ենք Հարավային Կովկասում տևական և կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը։ Մենք շատ բարձր ենք գնահատում Նիկոլ Փաշինյանի ուղերձն այդ առաջընթացի վերաբերյալ»,-ասվում է գրառման մեջ։