27 մարտի 2023 - 13:41 AMT
Աբրահամյան. Արցախում տեսադիտարկման համակարգի արդյունավետությունը բարձրացնելու առումով մեծ անելիքներ կան

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Արցախում տեսադիտարկման արդյունավետ համակարգի պայմաններում մեծ թվով հարցեր կլուծվեին։ Նա նշել է, որ ՊԲ-ն ունի այդ համակարգը, սակայն դրա կիրառման արդյունավետությունը բարձրացնելու առումով մեծ անելիքներ կան։

«Արդեն հեռավոր թվացող 2015 թվականին, երբ մեկնարկեց արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում տեսադիտարկման համակարգերի տեղակայումն, այն ուներ կոնկրետ հաշվարկ:

Ո՞ր հատվածում տեղադրել, ինչ տեսախցիկ դնել, ի՞նչ պարամետրերով առաջնորդվել և այլն:

Գլխավոր խնդիրն այն էր, որ անկախ աշխարհագրական դիրքից, տեղանքից շփման գծում` նվազագույնը մինչև 10 կմ թշնամու թիկունք չվերահսկվող տարածք չլինի:

Հետագայում դիտարկման հնարավորությունները կտրուկ մեծացվեցին, առհասարակ համակարգը մի քանի փուլով արդիականացում անցավ, ինչը ոչ միայն մեծ արդյունավետություն էր ապահովում թշնամու հնարավոր շարժերն ու առաջխաղացումը կանխելու, այլ ինչպես հարկն է հետախուզում իրականացնելու համար:

Դեռ չեմ խոսում, որ հրետանավորներն այդ համակարգի միջոցով արագ հաշվարկ և խոցում էին իրականացնում:

Ասելիքս այն է, որ Արցախում տեսադիտարկման արդյունավետ համակարգի պայմաններում, մեծ թվով հարցեր կլուծվեր, թշնամու ներթափանցումը կկանխվեր:

Ներկայումս ՊԲ-ն ունի այդ համակարգը, սակայն դրա կիրառման արդյունավետությունը բարձրացնելու և վերահսկողական գործառույթը պատշաճ մակարդակի հասցնելու առումով մեծ անելիքներ կա:

Եղած ռեսուրսներն ու միջոցները ճիշտ ուղղությամբ` ըստ առաջնահերթությունների, օգտագործելու պայմաններում հնարավոր կլինի նվազագույնի հասցնել մարդկային և տարածքային կորուստները»։

Մարտի 27-ին` ժամը 9։00֊ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ։Նշված հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ գործողությունների շնորհիվ ադրբեջանական ստորաբաժանման առաջխաղացման փորձը կասեցվել է։

Մարտի 25-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը, հատել են Շուշիի շրջանի շփման գիծը, գրավել բարձունք (Սարիբաբա բարձունքից 2.9 կմ հյուսիս-արևելք) և անցել դիրքի ինժեներական կահավորման։ Ստեփանակերտ-Ղայբալիշեն- Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից մեկին ադրբեջանական զինված ուժերի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն։ Նրանք միաժամանակ բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ՝ ապահովելու համար վերջիններիս վերադարձը ելման դիրքեր։