28 մարտի 2023 - 17:50 AMT
Սիմոնյանը՝ Բունդեսթագում․ Շատերի ուշադրությունից վրիպում են ՀՀ և հայաբնակ ԼՂ շուրջ ոչ պակաս կործանարար զարգացումները

Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 28-ին հանդիպել է ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Բերբել Բասին: Ներկայացնելով հետպատերազմյան իրավիճակը և խոսելով տարածաշրջանում անվտանգային հարցերին շուտափույթ լուծումներ տալու անհրաժեշտությունից՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ շատերի ուշադրությունից վրիպում են Հարավային Կովկասում՝ Հայաստանի և հայաբնակ Լեռնային Ղարաբաղի շուրջ ոչ պակաս կործանարար զարգացումները:

Նա նշել է, որ Ադրբեջանը, շարունակելով էթնիկ զտումների քաղաքականությունը և կյանքի անտանելի պայմաններ ստեղծելով, ամբողջ աշխարհի աչքի առջև բռնի տեղահանության է դրդում տեղի հայ բնակչությանը:

Բունդեսթագի գործընկերոջ խնդրանքով Սիմոնյանը մանրամասներ է փոխանցել Լաչինի միջանցքի ճգնաժամից, շրջափակման մեջ գտնվող 120.000 արցախցիներին սպառնացող վտանգից և հումանիտար բազմաշերտ խնդիրներից:

ՀՀ ԱԺ նախագահը հիշեցրել է, որ փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը Հաագայում իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշում է կայացրել Ադրբեջանի դեմ հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ՝ պարտավորեցնելով Ադրբեջանին ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը:

«Ակնկալում ենք մեր գերմանացի գործընկերներից գործուն քայլերի ձեռնարկում՝ ապահովելու Ադրբեջանի կողմից Դատարանի որոշման անհապաղ իրականացումը՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման ճանապարհով»,- շեշտել է նա:

Նա հավելել է, որ Հայաստանը ողջունում է տարածաշրջանում խաղաղությանն ուղղված գերմանական կողմի ջանքերը՝ շնորհակալություն հայտնելով Գերմանիայի կառավարությանը՝ Հայաստանում ԵՄ երկարաժամկետ մշտադիտարկման առաքելություն տեղակայելու որոշմանն աջակցելու համար:

Հանդիպմանը կարևորվել են երկու երկրների բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը և միջխորհրդարանական համագործակցության խորացումը՝ արձանագրելով Ազգային ժողովի և Բունդեսթագի միջև խորհրդարանական բազմաշերտ համագործակցության, պատգամավորների փոխայցերի կարևորությունը:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը և գնահատում Գերմանիայի աջակցությունն այս հարցում:

Կողմերը քննարկել են պառլամենտարիզմի, խորհրդարանական դիվանագիտության և ժողովրդավարության հարցերում ակտիվ փոխգործակցության հնարավորությունները:

Բունդեսթագի ղեկավարը շնորհակալություն է հայտնել տարածաշրջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի վերաբերյալ համապարփակ տեղեկատվության, ուղիղ և բաց զրույց ծավալելու համար` նշելով, որ իր լիազորությունների շրջանակում պատրաստ է ջանքեր ներդնել իրադրության շտկմանը նպաստելու, ժողովրդավարական արժեքների ամրապնդման համար: Նա հավելել է, որ պատերազմները մարդկային չարիք են և առաջին հերթին ճակատագրեր են խեղում՝ ցավ ու տառապանք պատճառելով, ինչն անթույլատրելի և մերժելի է քաղաքակիրթ մարդկության կողմից:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը գերմանացի գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։