29 մարտի 2023 - 18:58 AMT
Շրջափակման հետևանքով Արցախն օրական 1.9 մլն դոլար է կորցնում

Շրջափակման հետևանքով Արցախի կրած ֆինանսատնտեսական կորուստները կազմում են օրական առնվազն 1.9 մլն դոլար: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության համահիմնադիր, ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Նա հայտնել է, որ հաշվարկներն ու գնահատումներն իր խնդրանքով կատարել է հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանի գլխավորած տնտեսագետների մասնագիտական խումբը՝ պատրաստելով «Շրջափակման հետևանքով Արցախի տնտեսության կորուստները» գնահատման զեկույցը:

Մասնագետները գնահատել են ՀՆԱ-ի կորուստները, սոցիալական լրացուցիչ ծախսերն ու բյուջեի հարկերի կորուստները, ինչը թույլ է տվել համապարփակ պատկերացում կազմել շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների և ստեղծված ճգնաժամի պայմաններում ֆինանսական կորուստների վերաբերյալ։

“Ակնհայտ է, որ որքան երկար տևի շրջափակումը, այնքան հասցված վնասի ցուցանիշներն աճելու են, քանի որ շրջափակման յուրաքանչյուր լրացուցիչ օր ավելի մեծ հարված է հասցնում Արցախի տնտեսական պոտենցիալին, հետևապես, գնահատված ծախսերին և դրանց մուլտիպլիկատիվ էֆեկտներին ավելանում են ՀՆԱ պոտենցիալի վերականգնման ծախսերը:

Զեկույցում գնահատվել է նաև սոցիալական լրացուցիչ ծախքերի բեռը, որն անխուսափելիորեն առաջանալու է՝ գործազրկության և անձանց եկամտի կորստի հանգամանքներով պայմանավորված։

Ակնհայտ է, որ Արցախի տնտեսության համար ապագայում զգալի՝ անգամ հարյուրավոր միլիոն դոլարների հասնող ծախսեր են առաջացնելու արտադրության գործոնների մաշվածության վերականգնումն ու բուֆերների ստեղծումը: Դա այն կարևոր քայլն է, որ պետք է արվի՝ ապագայում նմանատիպ ցնցումներից խուսափելու համար: Կարևոր է, որ զեկույցում նշվել են բուֆերների ստեղծման ուղղությունները՝ էներգիայի լրացուցիչ, այլընտրանքային աղբյուրների ստեղծում, առաջին անհրաժեշտության պարենային պաշարների, վառելիքային պաշարների, առաջին անհրաժեշտության դեղորայքային պաշարների ձևավորում և այս ամենի պահուստավորման համար՝ նոր ենթակառուցվածքների անհրաժեշտություն։

Շնորհակալ եմ Վարդան Արամյանին, Արցախի նախկին պետնախարար, «Մենք ենք մեր սարերը» գործակալության Արցախի նախագծերի ղեկավար Գրիգորի Մարտիրոսյանին և թիմին՝ կատարված պրոֆեսիոնալ ու համապարփակ աշխատանքի համար: Զեկույցը լավ նյութ է՝ ներկայացնելու միջազգային կազմակերպություններին ու տարբեր կառույցներին՝ ցույց տալու, թե ինչպիսի աղետալի տնտեսական հետևանքներ է ունենում Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակումը»,-ասվում է գրառման մեջ։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։