31 մարտի 2023 - 18:44 AMT
Օհանյան. Ադրբեջանցիները բանակցություններով զորքերը հետ չեն քաշի

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե դիրքային փոփոխություն չի եղել, իսկ ավելի ուշ` ադրբեջանցիների առաջխաղացման մասին ԱԱԾ-ի հաղորդագրությանը, ասել է, որ ոչ մի հույս չունի, որ բանակցություններով Հայաստանը կարող է հետ վերադարձնել այդ տարածքները։

Օհանյանն ասել է, որ սա նոր բան չէ, Հայաստանի իշխանությունների հայտարարություններում «միշտ էլ եղել են հակասություններ, հակասական գործողություններ», գրում է Galatv.am-ը։

«Պայմանավորվածություների շրջանակում պետք է նոր ճանապարհ նախագծվեր կառուցվեր, ընդ որում միջանցքի գաղափարն առաջ տանելով, որովհետեւ միջանցքի մեջ ոչ միայն ճանապարհներն են, այլեւ գազատար, էլեկտրագծեր, կապի միջոցներ: Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն արագ իր ճանապարհը կառուցել է, իսկ հայկական կողմը այլընտրանքային ճանապարհը չի կառուցել լիարժեք: Իրենք ասում են, որ ապրիլի 1-ին պետք է ճանապարհը բացվեր, այդ դեպքում ինչու է թույլ տվել, ի՞նչ պայմանավորվածություններ կան Ալիևի հետ»,-ասել է Օհանյանը՝ նշելով, որ Հերթական անգամ Ալիևը խախտում է պայմանավորվածությունները։

«Երբ դու տեսնում ես, որ քո իշխանություններն անընդհատ սխալվում են, անընդհատ թույլ են տալիս հակառակորդին առաջ գալ, սա խոսում է այն մասին, որ կամ չեն գիտակցում, կամ նման պայմանավորվածություններ ունեն: Հույս կապել թուրք-ադրբեջանական տանդեմի հետ, որ կարող են նրանք բանակցություններով հետ քաշվել, չի ստացվի»,-ասել է Օհանյանը:

Ադրբեջանի զինուժը մարտի լույս 30-ի գիշերը փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում, հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։ Նշվում է, որ արդեն պատրաստ է փակված ճանապարհը շրջանցող՝ Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ճանապարհը, որը միանում է 2022թ. օգոստոսին շահագործման հանձնված նոր՝ Կոռնիձոր-Հին շեն ճանապարհին («Բերձորի (Լաչինի) միջանցքին»): Տեղ-Կոռնիձոր նշված ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները Հայաստանի Հանրապետության կողմից ընթացքի մեջ են։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության մարտի 30-ի նիստում, անդրադառնալով ադրբեջանական կողմի հայտարարություններին բարձունքներ գրավելու մասին, հայտարարել էր, որ հայկական դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Նա նշել էր, որ Գորիս–Ստեփանակերտ ճանապարհի փոփոխությունը եղել է ըստ պայմանավորվածության։

ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, անդրադառնալով Ադրբեջանի զինուժի տեղակայմանն Աղավնո և Տեղ գյուղերի արանքում՝ նշելով, որ ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ՝ ադրբեջանցիները սահմանից 100-300 մ ավելի առաջ են տեղակայվել։

Ընթերցեք նաև․ Օհանյան․ Գյուղացիներին մեն-մենակ ենք թողել ադրբեջանցիների հետ