1 ապրիլի 2023 - 10:43 AMT
ԱՀ ՊՆ․ Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծում կրակել է հրաձգային զենքից և նռնականետից

Մարտի 31-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի արևելյան և հարավ-արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ՁՀՆ-7 նռնականետ։

Նախիջևանիկ գյուղի հատվածում ադրբեջանական կողմը կրակ է բացել այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Ապրիլի 1-ի` ժամը 10։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Ադրբեջանի զինուժը մարտի լույս 30-ի գիշերը փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում, հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։ Նշվում է, որ արդեն պատրաստ է փակված ճանապարհը շրջանցող՝ Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ճանապարհը, որը միանում է 2022թ. օգոստոսին շահագործման հանձնված նոր՝ Կոռնիձոր-Հին շեն ճանապարհին («Բերձորի (Լաչինի) միջանցքին»): Տեղ-Կոռնիձոր նշված ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները Հայաստանի Հանրապետության կողմից ընթացքի մեջ են։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության մարտի 30-ի նիստում, անդրադառնալով ադրբեջանական կողմի հայտարարություններին բարձունքներ գրավելու մասին, հայտարարել էր, որ հայկական դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Նա նշել էր, որ Գորիս–Ստեփանակերտ ճանապարհի փոփոխությունը եղել է ըստ պայմանավորվածության։

ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, անդրադառնալով Ադրբեջանի զինուժի տեղակայմանն Աղավնո և Տեղ գյուղերի արանքում՝ նշելով, որ ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ՝ ադրբեջանցիները սահմանից 100-300 մ ավելի առաջ են տեղակայվել։