1 ապրիլի 2023 - 11:41 AMT
ՌԴ խաղաղապահները հրադադարի ռեժիմի 2 խախտում են գրանցել Մարտունու շրջանում

Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները հրադադարի ռեժիմի 2 խախտում են գրանցել Մարտունու շրջանում։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Դեպքի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում։

Պարեկություն է իրականացվել երեք երթուղով Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։

Խաղաղապահները հումանիտար բեռով ավտոշարասյուներ են ուղեկցել Գորիս–Ստեփանակերտ երթուղով։

Մարտի 31-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի արևելյան և հարավ-արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ՁՀՆ-7 նռնականետ։ Նախիջևանիկ գյուղի հատվածում ադրբեջանական կողմը կրակ է բացել այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Հայկական կողմը կորուստներ չունի։

Ապրիլի 1-ի` ժամը 10։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։