1 ապրիլի 2023 - 16:49 AMT
Shamshyan.com․ Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին ու նրա վարորդը ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով

Գործարար Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին ու նրա վարորդը ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով, հայտնում է Shamshyan.com-ը։

Մարտի 31-ին ՆԳՆ ոստիկանության կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Toyota Land Crauser մակնիշի 06 LS 600 համարանիշի ավտոմեքենայում զինված քաղաքացի կա։

Ըստ Շամշյանի՝ քանի որ ոստիկանները վստահ էին, որ տեղեկությունը հավաստի է, Կենտրոնականի բաժնի պետի որոշմամբ, «Ապօրինի զենքդ կտրեմ շաքարով» խորագրով օպերացիան մեկնարկել է ժամը 19։10-ին։

Ոստիկանները Խորենացու փողոցի 28 հասցեի մոտ ապօրինի զենք, զինամթերք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Ոստիկանության կենտրոնական բաժին են տեղափոխել Աջափնյակի բնակիչ, 45-ամյա Գևորգ Մանուկյանին և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 32-ամյա Արսեն Կիրակոսյանին։ Շամշյանի տեղեկություններով, Մանուկյանն գործարար Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին է, իսկ Կիրակոսյանը` վերջինիս վարորդը: