Հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի երկրորդ փուլից օգտվել ցանկացողների դիմումների հավաքագրումն արդեն մեկնարկել է, հայտնում է Քաղաքաշինության կոմիտեն։
Երևանի Գրիբոյեդովի փողոցի 48 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան և ավտոկայանատեղի գնելու ցանկություն ունեցող հանրային ծառայողները պետք է դիմում-հայտ ներկայացնեն իրենց գերատեսչության աշխատակազմ մինչև 2023-ի ապրիլի 11-ը:
Իսկ գերատեսչությունները սահմանված կարգով կազմված տեղեկանքներն ու դիմում-հայտերը պետք է ՀՀ քաղաքաշինության կոմիտե ներկայացնեն մինչև 2023-ի ապրիլի 14-ը:
Դիմում-հայտի ձևը, ինչպես նաև տեղեկանքների ձևերն ու վերջնաժամկետները սահմանող Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանը տեղադրված են կոմիտեի պաշտոնական կայքի «Ծրագրեր» բաժնում։
Կատարվող վճարումների փուլերի վերաբերյալ պարզաբանումը նույնպես զետեղված է այս բաժնում:
Մեկնարկած գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունն ուղարկվել է նաև բոլոր գերատեսչություններին՝ ծրագրից օգտվել ցանկացող իրենց աշխատակիցների վերաբերյալ ամփոփ տեղեկանք կազմելու նպատակով:
Հարթակում ստեղծվել է «Կոմիտաս պարկ» թաղամասի՝ երկրորդ փուլում ընդգրկված բազմաբնակարան շենքային համալիրի ինտերակտիվ քարտեզը՝ յուրաքանչյուր բնակարանի վերաբերյալ տվյալներով:
Հարցերի դեպքում ՀՀ կառավարության որոշման համաձայն բնակարան գնելու իրավունք ունեցող աշխատակիցները կարող են զանգահարել Քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության բնակարանային ծրագրերի բաժին՝ 011 621 776 և 011 621 714 հեռախոսահամարներով: