Ապրիլի 4-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իտալիայի Արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարար Էդմոնդո Չիրիելի գլխավորած պատվիրակությանը: Կողմերն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանը և դրա հետևանքներին։
ԱԽ քարտուղարը կարևորել է Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք խումբ գործուղելու անհրաժեշտությունը:
ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել իտալացի գործընկերներին՝ Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությանն աջակցելու համար։
Հանդիպմանը կողմերը կարևորել են Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունների զարգացման դրական դինամիկան:
ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:
Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։