7 ապրիլի 2023 - 12:23 AMT
ՊՆ․ ՀՀ-ն պլանավորում է մասնակցել ԵՄ-ում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության 2 այլ զորավարժության

Պաշտպանության նախարարությունը, անդրադառնալով այն փաստին, որ Պենտագոնի կայքում ՀՀ-ն հանվել է Defender 2023 բազմազգ զորավարժության մասնակից երկրների ցանկից, հայտնել է, որ ՀՀ-ն պլանավորում է մասնակցել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության 2 այլ զորավարժության։ Այդ մասին հայտնել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը, տեղեկացնում է Արմենպրեսը։

«ՀՀ պաշտպանության նախարարությունն ընթացիկ տարում պլանավորում է մասնակցել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության կողմից կազմակերպվող 2 այլ զորավարժությունների՝ KFOR (Կոսովոյի ուժեր) և Saber Junction (Միաձուլված սուր) զորավարժություններին»,-ասվում է Թորոսյանի պատասխանում։

Պենտագոնը խմբագրել է Defender 23 զորավարժության մասին տարածած իր մամուլի հաղորդագրությունը՝ մասնակիցների ցանկից հեռացնելով Հայաստանի անունը։

Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը տարածել էր տեղեկատվություն ապրիլի 22-ից եվրոպական տասը երկրում մեկնարկող Defender 23 զորավարժության անցկացման մասին։ Զորավարժությանը մասնակցող երկրների ցանկում ներառված էր նաև Հայաստանը։