7 ապրիլի 2023 - 17:31 AMT
Ներկայացվել է «Կողք կողքի» ներառական նախագիծը. Այն իրականացվում է կառուցվածքային նոր մեթոդաբանությամբ

Երևանի Առաջին մանկապատանեկանի 100-ամյակին նվիրված տոնական միջոցառում է եղել, որն անցել է «Մոսկվա կինոթատրոնում»:

Միջոցառման գլխավոր իրադարձությունն էր «Կախարդական հայելի» կարճամետրաժ գեղարվեստավավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմն այն մարդկանց մասին է, ովքեր իրենց կյանքի որոշակի ժամանակահատվածում հատվել են Առաջին մանկապատանեկանի հետ, կրթվել այստեղ և դարձել մեծ պալատական ընտանիքի մի մասնիկ: Ֆիլմը տանում է սերունդների խաչմերուկ՝ ներկայացնելով մեր իրականությունը տարիներ առաջ և այսօր:

Միջոցառման հյուրերը հնավարոություն են ունեցել նաև մասնակցելու «Հնի և նորի խաչմերուկում» ֆոտոնախագծի ցուցահանդեսին։

Օրը նշանավորվել է «Կողք կողքի» ներառական նախագծի շնորհանդեսով: Սա մի նոր նախագիծ է, որ Առաջին մանկապատանեկանը սկսել է իրականացնել նոր կառուցվածքային մեթոդաբանությամբ, ինչի արդյունքում հատուկ մշակված խմբային եղանակով զարգացման առանձնահատկություն ունեցող երեխաները կներառվեն կենտրոնում գործող այն խմբերում, որոնց ղեկավարները հաջողությամբ կավարտեն վերապատրաստման մոդուլային ծրագիրը:

«Այս ձևաչափը իր տեսակով հեղինակային մոտեցում է, որի հաջողության արդյունքում համակարգային լուծումը պատրաստ ենք փոխանցելու մեր գործընկեր այլ արտադպրոցական կազմակերպություններին ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքներում: Ծրագիրն առանձնահատուկ է նաև ֆինանսական կառավարման արտադպրոցական համայնքային մոդելով, որի արդյունքում հնարավորություն ենք ունենում ավելի արդյունավետ ու նպատակային իրացնելու համայնքային ռեսուրսները՝ հասանելի դարձնելով բազմաթիվ ընտանիքների համար անհրաժեշտ ծառայություններ»- նշել է Երևանի Առաջին մանկապատանեկանի տնօրեն Անուշ Սարգսյանը։