11 ապրիլի 2023 - 16:12 AMT
Երևանի ավագանու նիստը չի կայացել. Նոր քաղաքապետ չի ընտրվել

Երևանի ավագանու արտահերթ նիստ էր հրավիրվել, որի օրակարգում էր քաղաքապետի ընտրության հարցը։ Ավագանու անդամները չէին ներկայացել նիստին, ինչպես և նախապես հայտարարվել էր։

Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը նիստին ներկայացել էր միայնակ։ Նա հայտարարել է, որ քվորում չի ապահովվել և նիստը համարվում է չկայացած։

Ավագանու նախորդ նիստում «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանը հայտարարել էր, որ իրենց խմբակցությունը որոշում ունի նոր քաղաքապետ չընտրել, հաշվի առնելով, որ ընտրություններին մի քանի ամիս ժամանակահատված է մնացել։

«Այս պահին մենք նոր քաղաքապետ չենք ընտրի, հետևաբար, նաև ընտրության օրվա նիստին չենք ներկայանա, որովհետև թեկնածու չի լինի և քննարկելու ու ընտրելու անհրաժեշտություն չի լինի», - ասել էր Գալջյանը։

Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո քաղաքապետի պաշտոնը թափուր է։