Ջահերով երթն այս տարի կմեկնարկի Հանրապետության հրապարակից՝ ապրիլի 23-ին, ժամը 19։15-ին։ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին ընդառաջ երթը կազմակերպում է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը։
ՀՅԴ ՀԵՄ-ը բոլորին հրավիրում է՝ մասնակցելու Ջահերով երթին՝ աշխարհին համազգային միասնականություն և պայքարը շարունակելու կամք ցույց տալու համար։
Այս տարի բոլոր ցանկացողները Ջահերով երթին կարող են լինել ջահակիր և դեպի Ծիծեռնակաբերդ տանել պայքարի կամք խորհրդանշող ջահը։ Երթին որպես ջահակիր մասնակցելու համար պարզապես հարկավոր է լրացնել առցանց հայտադիմումը։
Ջահակիր կարող են լինել 16 տարին լրացած անձինք:
«Միացի՛ր Ջահերով երթին, ցույց տուր աշխարհին, որ հաշտ չես պատմության ուրացման և թշնամուն ինքնակամ հանձնվելու քաղաքականության հետ»,-ասվում է հայտարարության մեջ։
Ջահերով երթն ամեն տարի ավանդաբար անցկացվում է ապրիլի 23-ի երեկոյան, միայն 2015-ին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների հետ կապված, այն անցկացվել է ապրիլի 24-ին: