17 ապրիլի 2023 - 16:35 AMT
Մետրոյի հատվածում փլուզման համար պատասխանատու կառուցապատողը տուգանք կվճարի

Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» մեկնող կայարանի ուղեհատվածում «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի պատի փլուզման հետևանքով տեղի ունեցած միջադեպի պատասխանատու կառուցապատողը ենթարկվել է վարչական պատասխանատվության: Վերջինի նկատմամբ նշանակվել է 1.5-2 մլն դրամի տուգանք, հայտնում են քաղաքապետարանից։

Ապրիլի 1-ին Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենից հայտնել են, որ «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» մեկնող կայարանի ուղեհատվածում տեղի է ունեցել «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի պատի փլուզում։

Փլուզման հետևանքով քարերը թափվել են մետրոպոլիտենի ընթացքային գծերի և հպակային ռելսի վրա՝ անհնար դարձնելով մետրոնոլիտենի ամբողջական և լիարժեք շահագործումը։