24 ապրիլի 2023 - 17:04 AMT
Բայդեն․ Հիշում ենք Ցեղասպանության զոհերին և թարմացնում մեր խոստումը՝ երբեք չմոռանալ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ՝ նշելով, որ ապրիլի 24-ին հաստատում ենք «երբեք չմոռոնալու մեր խոստումը»։ Ուղերձը հրապարակվել է Սպիտակ տան պաշտոնական կայքում:

«Այսօր մենք դադար ենք վերցնում հիշելու համար Մեծ եղեռնի` Հայոց ցեղասպանության զոհերին և թարմացնում ենք մեր խոստումը՝ երբեք չմոռանալ:

1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան կայսրության իշխանությունները ձերբակալեցին Կոստանդնուպոլսի հայ մտավորականներին և համայնքի ղեկավարներին, որով սկիզբ դրվեց հայ համայնքի դեմ բռնության համակարգված արշավին: Դրան հաջորդող տարիներին 1․5 միլիոն հայ տեղահանվեց, կոտորվեց կամ մահվան ուղարկվեց՝ ողբերգություն, որն ընդմիշտ իր դրոշմը թողեց հայ ընտանիքների սերունդների վրա:

Երբ մենք աշխարհի բոլոր ժողովրդների հետ հիշում ենք այս ցավալի պատմությունը, մենք նաև մտորում ենք հայ ժողովրդի տոկունության և վճռականության մասին: Ողջ մնացածներից շատերը ստիպված եղան նոր կյանք սկսել նոր երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում։ Այստեղ և ամբողջ աշխարհում հայ ժողովուրդը վերականգնեց իր համայնքները։ Նրանք փայփայեցին իրենց ընտանիքները և պահպանեցին իրենց մշակույթը: Նրանք հզորացրին մեր ազգը։ Նրանք նաև պատմեցին իրենց և իրենց նախնիների պատմությունները՝ հիշելու և երաշխավորելու համար, որ 108 տարի առաջ տեղի ունեցած Ցեղասպանությունն այլևս երբեք չկրկնվի:

Այսօր եկեք թարմացնենք այս խոստումը։ Եկեք կրկին պարտավորվենք դեմ արտահայտվել ատելությանը, պաշտպանել մարդու իրավունքները և կանխել ոճրագործությունները: Եկեք միասին կրկնապատկենք մեր ջանքերը՝ կերտելու ավելի լավ ապագա, որտեղ բոլոր մարդիկ կարող են ապրել արժանապատի, ապահով և հարգանքով», - ասվում է Բայդենի ուղերձում: