24 ապրիլի 2023 - 19:02 AMT
Ռըտայոն Միրզոյանին է ներկայացրել նախօրեին Լաչինի միջանցք իր այցն ու եզրահանգումները

Ապրիլի 24-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի Սենատի` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային իրազեկման խմբի նախագահ, «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար Բրունո Ռըտայոյի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանն նշել է, որ անընդունելի են Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի ապօրինի տեղադրմանն ուղղված քայլերը, որոնք միտված են Լեռնային Ղարաբաղի ժողովրդին էթնիկ զտման ենթարկելուն:

Նախարար Միրզոյանը նշել է, որ դրա բացահայտ դրսևորումն են նաև Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով հնչող՝ հայերի նկատմամբ ատելության խոսքը, ինչպես նաև հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացումը:

Բրունո Ռըտայոն ներկայացրել է նախօրեին Լաչինի միջանցք իր այցելությունն ու արված եզրահանգումները:

Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ ընդգծվել է ցեղասպանության ու մարդկության դեմ ուղղված նոր հանցագործությունների կանխարգելման հրամայականը:

Արարատ Միրզոյանը երախտագիտություն է հայտնել ՀՀ համար կարևորություն ունեցող հարցերում հատկապես 2020թ. 44-օրյա պատերազմից ի վեր Ֆրանսիայի, այդ թվում՝ Սենատի կողմից արտահայտվող համերաշխության ու սկզբունքային դիրքորոշումների համար: Նախարարը կարևորել է Ֆրանսիայի շարունակական ներգրավվածության ու ջանքերի անհրաժեշտությունը՝ ընդգծելով Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության հասնելու համար բոլոր առկա խնդիրները առանց ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման լուծելու հրամայականը:

Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանի և Ֆրանսիայի միջև՝ երկու ժողովուրդների ընդհանուր արժեքների ու պատմական բարեկամության վրա հիմնված երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր:

Ապրիլի 23-ին Ադրբեջանը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում և անցակետ է տեղադրել։ Այնուհետև Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ։