25 ապրիլի 2023 - 10:33 AMT
ՌԴ ՊՆ․ Ադրբեջանի միակողմանի և չհամաձայնեցված գործողություններով երթևեկությունը Լաչինոց արգելափակվել է՝ բանակցում ենք

Ադրբեջանի միակողմանի և չհամաձայնեցված գործողությունների հետևանքով ապրիլի 23-ին Լաչինի միջանցքով երթևեկությունն արգելափակվել է ռուս խաղաղապահ զորակազմի թիվ 1 դիտակետի մոտ (Հակարիի կամուրջ)։ Այդ մասին ասվում է ՌԴ ՊՆ խաղաղապահ զորակազմի ապրիլի 24-ի տեղեկագրում։

Նշվում է, որ ռուս խաղաղապահների հրամանատարությունը բանակցություններ է վարում Բաքվի հետ։

Հրադադարի խախտում է գրանցվել Մարտակերտի շրջանում։ Տուժածներ չկան։ ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը քննություն է իրականացնում փաստի առնչությամբ։

Խաղաղապահները պարեկություն են իրականացրել 3 ուղղությամբ՝ Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։

ՌԴ խաղաղապահ զորակազմի ավտոշարասյունը հումանիտար բեռ է տեղափոխել Ստեփանակերտ։

Արցախի տեղեկատվական շտաբն ապրիլի 23-ին հայտնել էր. «Ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում»։ Այնուհետև Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել էր, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։

Photo. AFP