Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված քրվարույթով հիմնավորվել է, որ կուսակցության («Բարգավաճ Հայաստան») նախագահ Գագիկ Ծառուկյանը և ընկերության գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը, հանցավոր խմբի կազմում, ՀՀ Ազգային ժողովի 2017-ի ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած կուսակցությունների դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք են տվել, հայտնում է Գլխավոր դատախազությունը։
2023 թվականի ապրիլի 18-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է քրեական վարույթն ըստ մեղադրանքի՝ Գ.Ծ.-ի 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրողներին կաշառք տալը) և Ս.Ա.-ի 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրողներին կաշառք տալը):
Ապրիլի 21-ին հսկող դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: