24 ապրիլի 2009 - 13:14 AMT
Հրանուշ Հակոբյան. Ապրիլը հայ ժողովրդի վշտի եւ վերածնության ամիս է
Ապրիլը ոչ միայն հայ ժողովրդի վշտի, այլեւ վերածնությունը ամիս է: Այդ մասին PanARMENIAN.Net -ի թղթակցին հաղորդեց Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը : «Այսօր աշխարհի բոլոր անկյուններում հայկական սփյուռքի ներկայացուցիչները հիշում եւ հարգում են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Մենք հավատում ենք, որ արդարությունը կհաղթանակի, եւ Հայոց ցեղասպանության փաստը կընդունեն աշխարհի բոլոր երկրները», - հայտարարել է Հրանուշ Հակոբյանը: ՀՀ Սփյուռքի նախարարի խոսքերով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ակնկալումները մոտ են իրականացմանը: «Հայաստանի նախագահը բազմիցս հայտարարել է, որ սահմանը պետք է բացվի առանց նախապայմանների», - ընդգծել է Հակոբյանը:

Ապրիլի 24-ին ողջ աշխարհի հայությունը նշում է 1915-1923 թթ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 94-րդ տարելիցը: Հենց այս օրը Կոնստանդինոպոլսում սկսվեցին հայ մտավորականության, հոգեւոր, տնտեսական ու քաղաքական վերնախավի զանգվածային ձերբակալությունները, նրանց դուրս էին բերում քաղաքից եւ սպանում: Ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում միայն Կոնստանդինպոլսում շուրջ 800 հայեր ձերբակալվեցին, որոնցից մինչեւ տարեվերջ արդեն քչերն էին ողջ մնացել: 1915-1923 թթ, սպանվել է իր պատմական հայրենիքում` Արեւմտյան Հայաստանում բնակվող շուրջ 1,5 մլն հայ:

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը, Լիբանանը, Ուրուգվայը, Կիպրոսը, Արգենտինան, Հունաստանը, Բելգիան, Շվեդիան, Սլովակիան, Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատը, Շվեյցարիայի Ազգային խորհուրդը, Վատիկանը, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Լիտվան, Լեհաստանի սեյմը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի շատ նահանգներ: