28 ապրիլի 2023 - 17:13 AMT
ԱԽ քարտուղար․ Ակնկալիք ունենք Ֆրանսիայից ԼՂ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու հարցում

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ջերմուկում լրագրողների հետ զրույցում ասել է, որ Հայաստանը իր միջազգային գործընկերների հետ ինտենսիվ աշխատում է, որպեսզի միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկվի Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ։

«Բնականաբար, սա քննարկում ենք նաև Ֆրանսիայի հետ և ակնկալիք ունենք, որ աջակցություն կստանանք»,- ասել է ՀՀ ԱԽ քարտուղարը, գրում է Aysor.am-ը։

Նա հավելել է, որ Ֆրանսիան կարող է օգտակար լինել Հայաստանին թե՛ երկրի անվտանգության հետ կապված խնդիրները լուծելու, թե՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում,

«Ֆրանսիան բազմաթիվ հարցերում կարող է օգտակար լինել և օգնել Հայաստանին ու շարունակում է ճանապարհներ փնտրել Հայաստանին օգնելու հարցում։ Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Ֆրանսիան շարունակում է հետաքրքրված մնալ ԼՂ հարցով», - ասել է նա։

Ըստ Գրիգորյանի՝ Ֆրանսիայի կողմից մեծ հետաքրքրություն կա, որպեսզի կարգավորվի իրավիճակը Լաչինի միջանցքում։

Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։